Thursday, July 19, 2012

Ազգային-պետական դավաճանություն

«Լրագիր» 19-7-2012- Այսօր Հայաստանում տեղի է ունենալու բողոքի երթ, Սիրիայից հայերի ներգաղթը պատշաճ կազմակերպելու պահանջով: Սիրիայի հայ համայնքը ներկայում գտնվում է ծանր վիճակում, եւ այդ երկրում իշխանության հնարավոր փոփոխությունից հետո համայնքը գերակշիռ մասով հեռանալու է երկրից: Հայր եւ որդի Ասադների ալավիական վարչակարգի օրոք հայերի հանդեպ Սիրիայում եղել է ընդգծված բարյացակամ վերաբերմունք, եւ այդ վարչակարգի հեռացումից հետո հայերը կարող են հայտնվել իսլամիստների ու սիրիական ընդդիմության հարվածների տակ: Ներկայում տեղեկություններ կան, որ Սիրիայից բազմաթիվ հայեր են գալիս Հայաստան, սակայն նրանց հանդեպ այստեղ մեղմ ասած սարսափելի վերաբերմունք է ցուցաբերվում: Կա անձնագրերի խնդիր, այդ մարդկանց տեղավորելու խնդիր: Բացի այդ, օգտվելով առիթից, հայկական ազգային ավիափոխադրողը բարձրացրել է Հալեպ-Երեւան ինքնաթիռի տոմսը: Նման բան էր կատարվում նաեւ այն ժամանակ, երբ Իրաքից հայերը գալիս էին Հայաստան: Նրանց մեծ մասը այստեղ չմնաց, հեռանալով այլ երկրներ: Ի դեպ, հեռու չեն այն ժամանակները, երբ տեղահան է լինելու տարածաշրջանի եւս մեկ խոշոր հայ համայնք՝ Իրանահայությունը: Եւ կարելի է չկասկածել, որ այդ ժամանակ էլ կլինի նման վերաբերմունք, կբարձրանա Թեհրան-Երեւան տոմսի գինը: Հայերը կգան Հայաստան, այստեղից էլ կհեռանան այլ երկրներ: Թվում է, դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունեցող Հայաստանը, Հայաստանի իշխանությունը պետք է դողար ամեն մի հայրենակցի համար, ով գալիս է Հայաստան: Ընդ որում, այդ համայնքներում ապրում է որակյալ հայություն, որը ոչ միայն արժեք է դեմոգրաֆիական տեսակետից, այլեւ նոր գույներ ու հմտություններ կավելացներ Հայաստանի գորշ առօրյային, տնտեսական ու հոգեւոր կարողություններ կստեղծեր, ինչպես եղավ անցյալ դարի 40-ականների ներգաղթի ժամանակ: Ազգային-պետական մտածողություն ունեցող իշխանությունը «կքերեր» վերջին կոպեկները, կզսպեր ամեն մի ճոխություն, անվճար ինքնաթիռներ կտրամադրեր եւ կլծվեր հայրենակիցներին տեղավորելու, նրանց համար ապրուստի գոնե նվազագույն պայմանների ստեղծման գործին: Սակայն, իրականության մեջ հակառակն է: Փաստացի, կատարվում է, խոշոր հաշվով, ազգային ու պետական դավաճանություն: Թեեւ, այլ բան պետք էլ չէր սպասել Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգից, որը հանուն իր նեղ շահի ու մենաշնորհների, թալանում, նվաստացնում ու երկրից փաստացի վտարում է ոչ միայն սեփական քաղաքացիներին, այլեւ ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին: Հայկ Արամյան

No comments: