Wednesday, August 8, 2012

ԱՄՆ-ում կբեմադրվի ցեղասպանության մասին պատմող «Կարմիր շունը ոռնում է» ներկայացումը. թուրքերը դժգոհ են

Tert.am. 8-8-2012- Սեպտեմբերի 4-ից Նյու Յորքում կբեմադրվի «Կարմիր շունը ոռնում է» ներկայացումը, որը պատմում է 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին: Ալեքսանդր Դինելարիսի հեղինակած «Կարմիր շունը ոռնում է» պիեսը պատմում է Մայքլ Կիրիակոս անվամբ մի երիտասարդի մասին, ով պատահմամբ առևերեսվում է սեփական ընտանիքի` մինչ այդ իրեն անհայտ պատմությանը: Հոր մահից հետո Մայքլը մի տուփի մեջ պահվող նամակներն ուսումնասիրելով բացահայտում է, որ ինքը հույն չէ, ինչպես իրեն են ասել, այլ Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգ, ում նախնիներն էլ թուրքերի կողմից դարասկզբին Ցեղասպանության են ենթարկվել: Կյանքի այդ ճշմարտությունն իմանալով` նա որոշում է ավելի ուժեղ լինել և պայքարել: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ներկայացումը զայրացրել է ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչներին: «Այս ներկայացման նպատակն արվեստը չէ, այլ 1915 թ-ի դեպքերը դարձյալ օրակարգ մտցնելը: Դա քարոզչություն է»,- ասել է Ամերիկայի թուրքերի ֆեդերացիայի ղեկավար Ալի Չընարը: Ներկայացման տոմսերի վաճառքն սկսվել է այսօրվանից:

No comments: