Wednesday, August 8, 2012

Թուրք-իրանական «գեներալային» ճգնաժամի ֆոնին Դավութօղլուն հանդիպել է Սալեհիի հետ

1in.am. 8-8-2012- CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հանդիպել է անակնկալ այցով Թուրքիա ժամանած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ այդ հանդիպման ժամանակ Դավութօղլուն Սալեհիին հայտնել է, որ իրենք անընդունելի են համարում իրանական կողմի այն հայտարարությունները, որոնցում Սիրիայում բռնությունների պատասխանատվությունը դրվում է Թուրքիայի վրա: Սալեհին իր հերթին ընդգծել է, որ դրանք Իրանի ղեկավարության հայտարարությունները չեն: Սալեհին Դավութօղլուին խնդրել է միջնորդել սիրիացի ապստամբների կողմից առևանգված իրանցի ուխտագնացների ազատ արձակման հարցում: Դավութօղլուն խոստացել է այդ հարցում անել ամեն հնարավոր բան: Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Սիրիայում ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության առաջխաղացմանը, ապա Սիրիայից հետո հերթը հասնելու է Թուրքիային: Գեներալը Սիրիայում տիրող արյունահեղության համար պատասխանատու էր համարել նաև Թուրքիային, Սաուդյան Արաբիային ու Կատարին: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին դատապարտել էր այդ հայտարարությունը:

No comments: