Monday, August 20, 2012

Պոլսահայերը պատրաստ են օգնել Սիրիայի հայությանը

Tert.am. 20-8-2012- Պոլսահայերը պատրաստ են օգնել Սիրիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված` դժվար կացության մեջ հայտնված հայերին, տեղեկացնում է «Ակօս»-ը: Չնայած հայկական թաղամասերում բախումներ տեղի չեն ունեցել, սակայն իրավիճակն այստեղ լարված է: Ըստ թերթի՝ սիրիահայերը վտանգին դեմ հանդիման են և այս իրավիճակում Թուրքիայի հայ համայնքն անտարբեր մնալ չի կարող: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Թաթուլ Անուշյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խուսափել սիրիահայերի հանդեպ իրենց ունեցած պարտականություններից: Երեկ Թուրքիայի հայկական եկեղեցիներում մատուցված պատարագի ընթացքում հայերն աղոթել են Սիրիայում խաղաղության հաստատման համար: «Ակօս»-ը զրուցել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և եզրակացրել, որ պոլսահայերը պատրաստ են օգնել Հալեպում, Դամասկոսում և Քեսաբում ապրող իրենց հարազատներին: Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն, օրինակ, նշել է, որ իրենք պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել: «Ստամբուլում նրանց ընդունել կարող ենք, Կարող ենք անհրաժեշտ սննդով ապահովել: Սիրիահայ համայնքին օգնելը բոլորիս պարտքն է: Թուրքիայի հայերը Իրաքի պատերազմի ընթացքում էլ հայերին օգնության ձեռք էր մեկնել»,-ասել է նա: Սուրբ Խաչ դպրեվանքի հիմնադրամի նախագահ Մուրադ Բերբերօղլուն նշել է, որ իրենք ցանկանում են, որ պատերազմն օր առաջ ավարտվի: «Այս ընթացքում աշխարհի բոլոր հայերը սիրիահայերին օգնության ձեռք են մեկնելու»,- ասել է նա: Իսկ Բաքըրքյոյի Սուրբ Ծնունդ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը նշել է, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և կառավարության ու պետության աջակցությամբ կարող են հայերին տեղավորել Ստամբուլում և բոլոր կարիքները հոգալ:

No comments: