
Ատրպատականի հայոց թեմի Պատգամավորական ժողովն, իր 7-րդ լիակատար նիստում, հանձինս Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճյանի, ընտրեց իր թեմի 41-րդ առաջնորդին: Ընտրությունից հետո, Պատգամավորական ժողովի դիվանը արդյունքը հաղորդեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Հայրապետին` ստանալու համար նրա վավերացումը: Վեհափառն իր հերթին, 21 հուլիսի թվագիր նամակով, վավերացրեց ընտրությունը, որից հետո, նորընտիր առաջնորդը շնորհակալություն հայտնելով իր անձի նկատմամբ ցուցաբերված վստահության համար, տվեց իր անդրանիկ պատգամը:
Հայր սուրբը միասնականության և գործակցության կոչ ուղղեց բոլորին` առավել ևս ծաղկեցնելու համար թեմի կյանքը: Հիշատակելի է, 2012թ. սկզբնավորության Արամ Ա. կաթողիկոսը Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճյանին նշանակել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ: Իսկ վերջինս հունվարի 3-ին ժամանելով Թավրիզ ստանձնել էր իր նոր պարտականությունը: Կենսագրական գծեր Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճյանը ծնվել է 1969 թվականին, Բեյրութում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Ս. Նշան Եկեղեցու ազգային դպրոցում: 1980թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանք: 1990թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1995թ. մարտի 5-ին, ավարտելով իր վարդապետական ավարտաճառը, արժանացել է վարդապետական գավազանի: 2003թ. մայիսի 18-ին, Արամ Ա. կաթողիկոսի ձեռամբ ստացել է ծայրագույն վարդապետության աստիճանը: Անթիլիասում վարել է զանազան պաշտոններ` գավազանակրություն, դպրեվանքում Սուրբ Գրոց, բարոյագիտության ու Հայ եկեղեցու պատմության դասախոս և Քահանաների պատրաստության մասնավոր դասարանի ուսուցիչ: Կրոնագիտության դասեր է ավանդել նաև Լիբանանի հայոց դպրոցներում: 1990-1996 թթ. և ապա 2000-2011 թթ. վարել է կաթողիկոսության ՙՀասկ՚ պաշտոնական ամսագրի խմբագրի պաշտոնը, միաժամանակ աշխատակցել է մամուլին, ինչպես նաև հայագիտական հանդեսներին: 1990-1996 տարիներին ուսումը շարունակել է Մերձավոր Արևելքի Աստածաբանական Ճեմարանում. իսկ 2003-ին, Պոսեի միջեկեղեցական կազմավորման կենտրոնում, Ժնև, Շվեցարիա: 1999-ին, մեկ տարի ծառայել է Ս. Էջմիածնում, իբրև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոսի անձնական քարտուղար: Միաժամանակ դասավանդել է Գեորգյան Հոգևոր Ճեմարանում: 1997-2000 թթ. վարել է Միացյալ Նահանգների Արևմտյան թեմի Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի վարիչի պաշտոնը, խմբագրել նույն բաժանմունքի ՙՀոգևոր պրիսմակ՚ ամսաթերթը: 2000-2011 թթ. վարել է Կաթողիկոսության Տեղեկատվական և հարաբերությանց բաժանմունքի տնօրենի պաշտոնը: 2004-2006 թթ. եղել է Կաթողիկոսարանի արխիվատան վարիչ: 2005-2006 տարեշրջանին եղել է դպրեվանքի տեսուչ: 2009-2011 թթ. եղել է ՙԹռչնոց Բույն՚ որբանոցի հոգևոր տեսուչ, Լիբանանի Բիբլոս քաղաքում, և հոգևոր տեսուչ` նույն վայրում հաստատված ՙԳայիանյան՚ հայ կույսերի միաբանության: 2002 թ.-ից ի վեր Ազգ. կենտրոնական վարչության կրոնական ժողովի ատենադպիրն է: Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ գրքերի, խմբագրել է նաև նույնքան գրքեր:
No comments:
Post a Comment