
News.am. 8-8-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է իրանական «Press TV»-ի կայքում հրապարակված Համիդ Ռեզա Էմադիի հոդվածը. Տասը տարի առաջ ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության լիակատար հաղթանակը երկրում կրոնական ազատությունների մեծացման, ինչպես նաեւ Անկարայի` հարեւանների հետ հարաբերությունների բարելավման հույս առաջացրեց:
Սակայն ժամանակ անցավ, եւ Թուրքիայի համար պարզ դարձավ, որ նա չի կարող գլոբալ խնդիրներում որպես խոշոր խաղացող հանդես գալ, եւ որոշեց խնդրի մաս դառնալ: Արդյունքում, նա իսկապես կարողացավ տարածաշրջանում եւ աշխարհում խոշոր քաղաքական խնդիր դառնալ: 2009թ-ին համալսարանի պրոֆեսոր եւ քաղաքագետ Ահմեդ Դավութօղլուն գլխավորեց երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թեեւ նա ժխտում էր, որ նեոօսմանիստ է եւ ձգտում է կյանքի վերադարձնել մահացած կայսրությունը, սակայն արտաքին քաղաքական կուրսը ենթադրում է, որ նա հենց այդպիսին է: Նա փորձում է առաջ տանել այն գաղափարը, թե Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է երկարաժամկետ խաղաղություն բերել տարածաշրջանին, ինչպես նաեւ ներկայացրեց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը` որպես տարածշրջանում նման գործընկերություն հաստատելու իր ջանքերի մաս: Սակայն եթե Թուրքիան ձգտում է տարածաշրջանային մերձեցման եւ խաղաղության, ինչու են վերջին տարիներին հարեւանների հետ Անկարայի հարաբերությունները վատթարացել: Իրանի հետ Թուրքիայի քաղաքական հարաբերությունները հազվադեպ են այսքան լարված եղել, Հայաստանի հետ նրա տարածքային եւ պատմական վեճերն ավելի խորացել են, Իրաքի հետ նրա դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները վատթարացել են, Սիրիայի հետ նրա ավանդաբար բարեկամական հարբերությունները վերածվել են թշնամականի: Բավական է ասել, որ Թուրքիան հայտնվել է դժբախտության մեջ` իր արտաքին քաղաքականության ճարտարապետի շնորհիվ: Անկարայի վերջին քաղաքականությունն անուղղելի վնաս է հասցրել նրա հեղինակությանը, ինչպես նաեւ հարեւանների հետ հարաբերություններին: Սիրիայի հարցում Թուրքիայի միությունը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հետ` Անկարային ավելի մեկուսացրեց տարածաշրջանում: Սիրիային թուլացնելու նրա ջանքերը նաեւ հող նախապատրաստեցին տարածաշրջանի պետությունների դեմ իսրայելական հնարավոր ագրեսիայի համար: Իր հարեւանների նկատմամբ Թուրքիայի դավաճանությունը երբեք չի մոռացվի, չի ներվի, ինչպես հարյուր տարի առաջ հայ կանանց եւ երեխաների կոտորածը:
No comments:
Post a Comment