Monday, September 10, 2012

Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում ստորագրվելու է 5 միջպետական համաձայնագիր

1in.am. 10-9-2012- Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հրապարակել է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի օրակարգը: Այդ նիստն անցկացվելու է սեպտեմբերի 11-ին Գաբալայում, այն նախագահելու են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ակնկալվում է, որ այդ նիստի ժամանակ քննարկվելու են քաղաքական և տնտեսական հարցեր, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ համատեղ պայքարը և երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Պլանավորված է, որ խորհրդի նիստի արդյունքներով՝ ստորագրվելու է 5 միջպետական համաձայնագիր, որոնք առնչվելու են տարբեր ոլորտներում համագործակցությանը: Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2010 թվականին՝ համաձայն նույն թվականի օգոստոսի 16-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության ու փոխըմբռնման պայմանագրի, որը ստորագրել են երկու երկրների նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիևը: Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին Իզմիրում: Էրդողանն իր ադրբեջանական այցի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ, որից հետո սեպտեմբերի 12-ին մեկնելու է Ուկրաինա՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և մասնակցելու Թուրք-ուկրաինական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

No comments: