Monday, September 10, 2012

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան. Վաշինգթոնը Բուդապեշտից եւ Բաքվից Սաֆարովի հարցով բացատրություններ է ակնկալում

News.am. 10-9-2012- Վաշինգթոնը Բուդապեշտից եւ Բաքվից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հարցով բացատրություններ է ակնկալում: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի գլխավոր դատախազությունում կայացած իրավական ոլորտում համագործակցությունը շարունակելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում: Դեսպանը հիշեցրել է, որ արտահանձնումից անմիջապես հետո ամերիկյան կողմը հանդես է եկել հայտարարությամբ` մտահոգություն եւ անհանգստություն հայտնելով կատարվածի առնչությամբ: «Ուզում եմ կրկին հաստատել, որ ԱՄՆ-ն, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեմ է ցանկացած դրսեւորումների, որոնք սպառնալիքի տակ են դնում բանակցային փխրուն գործընթացը: Մենք Բուդապեշտից եւ Բաքվից բացատրություններ ենք ակնկալում եւ հետեւողական կլինենք դրանք ստանալու հարցում», - ընդգծել է դեսպանը: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Պետդեպը լուրջ մտահոգություն էին հայտնել Սաֆարովի ներման կապակցությամբ: «Մենք Ադրբեջանի իշխանություններին մեր հիասթափությունն ենք հայտնել Սաֆարովին ներելու որոշման հետ կապված: Այդ գործողությունը հակասում է տարածաշրջանային լարվածության թուլացման շարունակական ջանքերին եւ զինադադարի հասնելուն: ԱՄՆ-ն նաեւ բացատրություն է պահանջում Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու առնչությամբ», - հայտարարել էր Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը:

No comments: