Wednesday, September 19, 2012

Թուրքիայի նախկին նախագահ Օզալի մահվան հետքերը տանում են Ադրբեջան

Panorama.am. 19-9-2012- Թուրքիայում որոշել են արտաշիրիմում կատարել 1993 թ-ի ապրիլի 17-ին մահացած 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի գերեզմանում, որպեսզի պարզեն նրա մահվան իրական պատճառը: Այդ որոշումը Թուրքիայի գլխավոր դատախազությունն ընդունել է Պետական տեսչական խորհրդի զեկույցի հիման վրա, որում կասկածներ է հայտնվում, որ Օզալը մահացել է թունավորման արդյունքում: «Ազադլիգը» գրում է, որ Թուրքիայի նախկին նախագահ Օզալի մահվան հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում: Նրա որդին` Ահմեթ Օզալը, թուրքական NTV հեռուստաալիքին հայտնել է, որ հոր մահվան հետ կապված կասկածները սկսվել են 1998 թ-ից: Նրա խոսքով` հիվանդանոցից, որտեղ մահացել է հայրը, իրեն հայտնել են, որ ունեն Թուրգութ Օզալի արյան անալիզները, սակայն, այդ անալիզներն իրեն հանձնելու պահին արյունը թափվել է գետնին: Ահմեթ Օզալը պատմել է, որ մի լրագրողի հաջողվել է թափանցել Օզալի արյունը «կորցրած» լաբորատորիա, որտեղ նա պարզել է, որ նախագահի արյան մեջ մարդուն չպատկանող տարրեր են եղել: Թուրքիայի պետական տեսչական խորհրդի զեկույցում նշվել է 1998 թ-ին Օզալի կնոջ` Սեմրա Օզալին հասցեագրված նամակը, որտեղ ասվում է, որ «Թուրգութ Օզալը սպանվել է գլիկոնորինաիդ դեղամիջոցով, մարդասպանը Ադրբեջանում է և նրա անունը Հասան Ալիօղլու է»: Այս տեղեկության կարևորությունը նրանում է, որ Թուրգութ Օզալը մահացել է Միջին Ասիա և Ադրբեջան կատարած այցերից անմիջապես հետո: Թուրքիայի պետական տեսչական խորհրդի զեկույցի հրապարակումից հետո պարզվել է, որ Բաքվի տեղական մամուլում դրանից 4 ամիս առաջ լուր է հրապարակվել, որտեղ նշվել է, որ Թուրքիայի 47-ամյա քաղաքացի Հասան Ալիօղլու Քանդիլչին կասկածելի հանգամանքում մահացել է: Նրա վիճակը կտրուկ վատացել է բաղնիքից դուրս գալուց անմիջապես հետո, և նա տեղում մահացել է:

No comments: