Thursday, September 6, 2012

ՆԱՏՕ. Ուժային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի լուծումն անթույլատրելի է

Panorama.am. 6-9-2012- «Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը կարող է ապահով լինել միայն կառուցողական երկխոսության միջոցով»,-այսօր Երևանի Պետական Համալսարանի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա կարևորեց տարածաշրջանային երկրների միջև ընդհանուր արժեհամակարգի շուրջ շփումները և շեշտեց, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միմիայն սթափ դատողությամբ և առանց որևէ ծայրահեղությունների: Որպես օրինակ` Ռասմուսենը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները կայացվում են փոխհամաձայնության միջոցով և շեշտեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին միավորում են ընդհանուր արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տարածաշրջանային անվտանգություն: Նա նաև գոհունակություն հայտնեց Կոսովոյում և Իրաքում ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում հայկական խաղաղապահների ծառայությունից: Գլխավոր քարտուղարը շեշտեց, որ անկախ վերջին զարգացումներից` ՆԱՏՕ-ն շարունակում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինել: «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին և գտնում, որ ուժային ճանապարհով հիմնախնդրի լուծումն անթույլատրելի է», - ասաց նա: Պատասխանելով ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և դրա շուրջ առաջացած վրդովմունքին, Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշեց, որ Ադրբեջանի նման քայլը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, և կրկին կոչ արեց անկախ ամեն ինչից` շարունակել կառուցողական բանակցությունները: Նա նաև ընդգծեց, որ Սաֆարովին ազատ արձակելու հարցում մեղքն Ադրբեջանինն է, իսկ Հունգարիան և ՆԱՏՕ-ն չեն ցանկացել նման սցենար: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտեց, որ «ոչ ՆԱՏՕ-ն , ոչ էլ Հունգարիան ադրբեջանցի սպայի քրեական այդ արարքի հետ որևէ առնչություն չունեն, և որևէ պատասխանատվություն չեն կրում»: Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ ըմբռնումով է մոտենում հայ հասարակության վրդովմունքին և վաղը Բաքու կատարելիք այցի շրջանակներում «այս մեսիջը» կփոխանցի Ադրբեջանի ղեկավարությանը: Կրկին կոչ անելով ղարաբաղյան հակամարտության կողմերին չսրել իրավիճակը՝ նա ընդգծեց, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում կլինեն ոչ միայն քաղաքական, տնտեսական կորուստներ, այլ կխաթարվի նաև տարածաշրջանի բնականոն զարգացումը: «Ռազմական գործողությունների վերսկսումը պետք չէ ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ` ձեզ», - ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուրարը: Նշենք, որ 40 րոպե տևած հանդիպումը կայացել է միայն անգլերենով, առանց թարգմանության:

No comments: