Thursday, September 6, 2012

Արևմուտքն ու Իսրայելը փորձում են Միջին Արևելքի նոր քարտեզը գծել.«Հըզբոլլահ»-ի առաջնորդ

Tert.am. 6-9-2012- Իրանում մեկնարկել է Իսլամական դիմադրության երրորդ միջազգային համաժողովը, որին հրավիրված են «Հըզբոլլահ», «Համաս» և «Իսլամական ջիհադ» շարժումների անդամները: Ինչպես նշում է The Jerusalem Post-ը` հղում անելով Financial Times-ին, համաժողովը միտված է քննարկելու տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալիքների վերացման ուղիները: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մասնակիցների ուշադրության կենտրոնում է նաև Սիրիայում 17 ամսից ավելի տիրող ներքաղաքական ճգնաժամի հարցը: Համաժողովի մասնակից իրանցի ներկայացուցիչները միջազգային հանրության` իշխանությունը վայր դնելու և հեռանալու մասին նախագահ Բաշար ալ Ասադին ուղղված կոչերը որակել են որպես «վրեժխնդրություն՝ Պաղեստինին օգնելու համար»: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ «Սիրիան Իսրայելի դեմ դիմակայման ոսկե շղթան է»: Համաժողովին մասնակցում է նաև «Հըզբոլլահ»-ի կենտրոնական խորհրդի անդամ շեյխ Ալի Յաբերը, ով ներկաներին է փոխանցել շարժման առաջնորդ Հասան Նասրալահի ուղերձը. «Արևմուտքն ու Իսրայելը փորձում են Միջին Արևելքի նոր քարտեզը գծել, սակայն իսլամական դիմագրավումն անչափ ուժեղ է և կշարունակի ակտիվ գործունեություն ծավալել` այդ ծրագրերը կանխելու համար»: Թեհրանում Սիրիայի դեսպան Համեդ Հասանն իր հերթին հայտարարել է, որ «օտար ուժերի թունոտ ծրագրերը միտված են քանդելու Իրանը «Հըզբոլլահ»-ին, Լիբանանը Պաղեստինին կապող ամուր շղթան»:

No comments: