Wednesday, September 19, 2012

Ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Թուրքիայից. սիրիահայ համայնքի ներկայացուցիչ

Tert.am. 19-9-2012- Վերջին շրջանում Սիրիայում լարվածության աճը պայմանավորված է արտերկրից ներթափանցած ահաբեկիչների թվի աճով. Հալեպում նման հայտարարություն է արել սիրիահայ, Հնչակյան կուսակցության անդամ Վազգեն Մեսրոպյանը, հայտնում է Regnum-ը: Ըստ Մեսրոպյանի՝ այդ հարցում զգալի է Թուրքիայի դերը, որը երկրի տարածքում պատրաստված «ահաբեկիչների» առաջ «բացում է իր սահմանը» : «Ես ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ սիրիացիներն այնպիսի ժողովուրդ չեն, ինչպիսին նրանց ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցները: Մենք Սիրիայում ենք ծնվել, նրանց հետ ենք հասակ առել, աշխատել», - հավելել է Մեսրոպյանը: Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ բանախոսն ասել է, որ հայերը երբեք խտրականության չեն ենթարկվել Սիրիայում և միշտ էլ «կմնան Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին»: «Քաջ հայտնի է՝ հայերը զարգացնում են որևէ երկիր, որում բնակություն են հաստատել», - ընդգծել է Մեսրոպյանը՝ հավելելով, որ առայժմ հայերը պետք է դիմանան և պատրաստ լինեն ինչպես մարդկային, այնպես էլ նյութական կորուստների: Ըստ նրա՝ Թուրքիայի հետ սահմանային Քեսաբ հայաշատ ավանում վիճակը կայուն է, վատ է Հոմսի մերձակա հայաբնակ գյուղերի վիճակը: Հալեպի հայերի մասին նա ասել է, թե նրանք փորձում են պաշտպանվել առանց զենքի, իսկ նրանց պաշտպանում է Սիրիայի բանակը: Մեսրոպյանը հայտնել է, որ Հալեպում գործում է Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունների համատեղ շտապ օգնության կենտրոնը:

No comments: