Thursday, September 20, 2012

Թուրքիան միտքը փոխել է և կրկին իր կործանիչի կործանման համար մեղադրում է Սիրիային

Թուրքիայի օդային ուժերի հետախույզ RF-4E ինքնաթիռը, որն ամռանը ընկել է Միջերկրական ծովում, կործանվել է սիրիական հրթիռի հարվածից: Այս մասին նշվում է թուրքական ռազմական դատախազության հետաքննության զեկույցում` հաղորդում է Hurriyet թերթը: Թուրքիայի հետախուզական RF-4E ինքնաթիռը անհետացել էր Միջերկրական ծովի տարածքում Սիրիայի հետ սահմանակից հարավ-արևելյան Հաթայ գավառի տարածքում թռիչքից մեկուկես ժամ անց: Անկարան միանգամից պատահարի մեջ մեղադրեց Սիրիային, իբր թե սիրիական ՀՀՊ համակարգը հարվածել է ինքնաթիռին միջազգային օդային տարածքում: Իր հերթին Դամասկոսը պնդել է, որ հետախույզը խախտել է սահմանը և կործանվել է Սիրիայի ջրային տարածքում: Դրա հետ մեկտեղ թուրքական իշխանությունները բազմիցս հակասական հայտարարություններ են կատարել կապված այդ միջադեպի հետ` ասելով, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռի միջոցով, այնուհետև, որ չեն հայտնաբերել նրան կործանած հրթիռի հետքերը: Հուլիսի 11-ին մեկ այլ հայտարարություն հայտնվեց, որում նշվում էր, որ հետազոտության արդյուքում ինքնաթիռի մասերի վրա չեն հայտնաբերվել այրվելու կամ պայթուցիկ նյութի հետքեր: Այժմ թուրքական ռազմական դատախազությունը նոր վարկած է առաջ քաշում` կործանման մեջ մեղավոր է սիրիական հրթիռը, չնայած որ այն չի կպել կործանիչին: Պայթյունը տեղի է ունեցել ինքնաթիռի ձախ կողմում, որից հետո անձնակազմը չի կարողացել կայուն թռիչք իրականացնել: Արդյունքում երկու օդաչուներն էլ զոհվել են:

No comments: