Tuesday, September 11, 2012

Ալիևը Հայաստանին ոսկե քայլ կատարելու հնարավորություն է ընձեռել. Հայկ Դեմոյան

Tert.am. 11-9-2012- Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և Ադրբեջանում նրա հերոսացումից հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է բարձրացնի Ադրբեջանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելուց զրկելու հարցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա՝ սա առաջին քայլ է, որ Հայաստանը պետք է անի ստեղծված իրադրությունում։ «Եվրոպառլամենտում պետք է բարձրացվի այն հարցը, որ պաշտոնապես հակահայկականությունը ճանաչվի որպես հանցագործություն: Այսօր երկու պետություն վարում են հստակ հակահայկական քաղաքականություն: Դա պետք է իր պատիժը ստանա»,- ասաց Հայկ Դեմոյանը: Թանգարանի տնօրենն անդրադարձավ նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին: «Խոսակցություններ կան, որ արտահանձնումը կարող է ազդել բանակցային գործընթացի վրա: Ենթադրություններ անել պետք չէ: Այն արդեն ազդել է բանակցային գործընթացի վրա: Մինչ օրս խոսվում էր փոխզիջումների մասին, բայց հիմա ինչի՞ փոխզիջենք, ո՞վ է դիմացդ կանգնած»,- ասաց նա: Հայկ Դեմոյանը ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին հնարավորություն է ընձեռել իրականացնելու ոսկե քայլ՝ պատժիչ քայլ: Հարցին, թե ինչ նկատի ունի նա պատժիչ քայլ ասելով, Հայկ դեմոյանը չհստակեցրեց: Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին նա հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: «Հերոսին» շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:

No comments: