Monday, September 17, 2012

Կառավարական զորքերի ճնշման տակ գրոհայինները Հալեպից փախչում են դեպի թուրքական սահմանը

1in.am. 19-9-2012- Սիրիայի զինուժի հակաահաբեկչական գործողությունները երկրի հյուսիսային մայրաքաղաքում մոտենում են ավարտին: Կառավարական զորքերի ճնշման տակ գրոհայինների խմբերը փախչում են Հալեպի հյուսիսային և արևելյան հատվածներից դեպի Թուրքիայի սահմանները, հաղորդել է Al-Watan գործակալությունը: «Մեր քաջարի զինվորները հետևում են հակառակորդին և նրան ահռելի կորուստներ են պատճառում»,- ասվում է զինված ուժերի հաղորդագրության մեջ: Մարտեր են ընթանում Էլ-Բեբեում` քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, Հալեպ-Ախտարին ճանապարհին և Սֆեյրում, Դեյր-Հաֆիրում: Ապստամբների ուղղությամբ հարվածներ են տեղում օդից: SANA տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ բանակային հատուկջոկատայիններն այսօր ավարտել են Հալեպի Մահդան կոչվող թաղամասի ազատագրումը, որտեղ վերջին 48 ժամվա ընթացքում արյունալի մարտեր են տեղի ունեցել: Մինչև վերջին րոպեն գրոհայինները փորձել են դուրս պրծնել շրջափակումից, սակայն հայտնաբերվել են և ոչնչացվել: Քաղաքի այս հատվածում աշխատում են մասնագետներ, որոնք տարածքը մաքրում են ականներից: Փախչող ապստամբների մեծ խումբ է ոչնչացվել Ֆիրդուոս թաղամասում: Այնտեղ սպանվել և վիրավորվել են տասնյալ զինված վարձկաններ: Բուստան-էլ-Բաշեում անվտանգության ուժերը ոչնչացրել են մի քանի վտանգավոր ահաբեկիչների, տեղեկացնում է սիրիական գործակալությունը: Երկրի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ ապացույցներ են բերվում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումներ կազմավորելու վերաբերյալ: Ուղերձում ասվում է, որ Թուրքիան հնարավորություն է տվել հազարավոր զինված վարձկանների անցնել իր օդային և ցամաքային սահմաններով և սպանել հազարավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայում տեղակայված են զինված ահաբեկիչների պատրաստման ճամբարներ, ասվում է փաստաթղթում: Սիրիական ԱԳՆ-ն Անկարայի գործողությունները որակում է որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

No comments: