Saturday, September 15, 2012

«Ադրբեջանը հզոր երկիր է, և դուք մեծ սիրտ ունեք». Ժերար Դեպարդյո

Tert.am. 15-9-2012- Բաքվում է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն՝ «Ալեքսանդր Դյուման Ադրբեջանում» վավերագրական ֆիլմի շնորհանդեսի բերումով, որում նա խաղում է գլխավոր դերերից մեկը, հայտնում է Trend-ը: Ֆիլմը նկարահանվել է 1858-ին Դյումայի ճամփորդության տվյալների և հետագայում թողարկված «Դյումայի ճամփորդությունը Կովկասում» նոթերի հիման վրա (ռեժ.՝ Ստեֆան Բերգունյու): Ադրբեջանը, ինչպես կարելի է նկատել, չի վարանել իր իսկ ոգով աղավաղել անգամ դասական գործի վերնագիրը՝ Կովկասը մատուցելով որպես Ադրբեջան: Ադրբեջանի մշակույթի նախարարը լրագրողներին փոխանցել է, որ Դեպարդյոյի կարծիքով իրենց երկիրը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի, և նա հիացած է ադրբեջանական մշակույթով: Դեպարդյոն ասել է, որ «մարդկանց հյուրասիրությունից և երկրի գեղեցկությունից» բացի, հիացած է նաև «Կասպից ծովի նավթային պլատֆորմներով, «Եվրատեսիլ – 2012»-ի համար կառուցած Crystall Hall –ով և Բաքվի «Հրե աշտարակներով»»: Դեպարդյոն ասել է նաև, թե հնարավոր է Փարիզում ադրբեջանցի ժամանակակից նկարիչների ցուցահանդես կազմակերպի: Աղբյուրի փոխանցմամբ` Դեպարդյոն հասցրել է նաև նկատել, թե Ադրբեջանը շատ հանդուրժողական երկիր է և այնտեղ կապ չունի, թե ինչ կրոնի կամ ազգության է մարդը: Ֆրանսիացի դերասանը, ըստ աղբյուրի, նաև սահուն անցում է կատարել ադրբեջաներենի՝ ասելով Çox sağ olun! («Շատ շնորհակալություն»):

No comments: