
Tert.am. 12-9-2012- Tweet Թուրքիայի իշխանությունները ձգտում են տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը և այդ հարցում փորձում են ներքաշել ՆԱՏՕ–ին, քանի որ դրանից հետո Թուրքիան կկարողանա իր ազդեցությունը տարածել ողջ Մերձավոր Արևելքի վրա . նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Բանախոսը նաև անդրադարձավ սիրիական ընդդիմությանը՝ նշելով, որ վերջիններս միասնական չեն։ «Ընդդիմությունը բաղկացած է 16 խմբավորումներից, չկա միասնական ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել Ասադի վարչակարգին: Սիրիայում գործում են նաև թուրքական երկու բրիգադներ, որոնց գործողություններն ուղղված են Սիրիայի իշխող վարչակարգի դեմ»,- ասաց նա: Tert.am-ի հարցին, թե Սիրիայում ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի սիրիահայ համայնքն իր անվտանգության պահպանման ուղղությամբ, ասուլիսին ներկա արաբագետ Հայկ Քոչարյանն ասաց, թե հայ համայնքը շատ լավ գիտի իր անելիքը, քան ցանկացած արաբագետ: «Նրանք ապրելով Սիրիայում շատ ավելի ճիշտ են կողմնորոշվում: Մինչ օրս իրենք կարողացել են չեզոքություն պահպանել և ճիշտ կլինի նույն կերպ էլ շարունակեն»,– ասաց նա: «Իսկ հայերը զոհվում կամ վիրավորվում են մի պարզ պատճառով, որ ապրում են Սիրիայում և ոչ թե, որ իրենք հայ են: Օրական բազմաթիվ սիրիացիներ են զոհվում»,- նշեց նա և ավելացրեց, որ սիրիահայերի հարցում Հայաստանը մշտապես պետք է միջոցներ ձեռնարկի, եթե ոչ պաշտոնապես, ապա գոնե օգտագործի հնարավոր բոլոր լծակները:
No comments:
Post a Comment