Monday, September 10, 2012

Թուրքիայում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ի հիշատակ սպանված հայազգի զինվորականի

Panorama.am. 10-9-2012- Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Նոր Զարթոնք» նախաձեռնության կողմից ակցիայի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները ցույց են անցկացրել հայազգի զինծառայող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըի սպանությունն իրականացրած թուրք զինվոր Քվանչ Աղաօղլուին ազատ արձակելու կապակցությամբ: Այս մասին գրում է «bianet.org» կայքը: Տեղեկատվության համաձայն, ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ, դրանց թվում սպանված հայազգի զինվորի հարազատներն ու ընկերները: Ցուցարարները հայերեն, թուրքերեն և քրդերեն լեզուներով լոզունգներ են հնչեցրել ցույցի ընթացքում: Բացի այդ, «Մենք բոլորս Սևակ ենք, մենք բոլորս հայ ենք», «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Սևակ, մենք երբեք քեզ չենք մոռանա» բացականչություններով երթ է ընթացել Ստամբուլի կենտրոնական փողոցներում: Ցույյցի մասնակիցները ընդգծել են, թե Սևակի սպանությունն համընկել է Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ և կտրականապես մերժել են պաշտպանական կողմի այն վարկածը, թե սպանությունը դժբախտ պատահարի հետևանք է եղել: «Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ հայ լինելը մեծ գին ունի, որ ռասիզմը խլեց նրան մեզանից»,-հնչեցվել է ակտիվիստների կողմից ընթերցված հայտարարությունում: Թուրքիայի քաղաքացի ազգությամբ Սևակ Շահին Բալըքչըի սպանվել էր 2011 թ. ապրիլի 24-ին իր զինակից Քվանչ Աղաօղլուի կողմից: Պաշտոնական վարկածով սպանությունը տեղի է ունեցել կատակի արդյունքում, «պատահաբար» արձակված գնդակից: Սևակի հարազատները, մինչդեռ, պնդում են, թե Սևակին դիտավորյալ են սպանել նրա հայ լինելու համար: Իրավապաշտպանները նաև արձանագրել են դատական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումների բազում դեպքեր, այդ թվում վկաների անտեսում, նախապես արձանագրված վկայությունների փոփոխություն և այլն: Դատական գործընթացը ընթացքի մեջ է, սակայն առաջին նիստից հետո Աղաօղլուի կալանքի սանկցիան փոխվել էր, ինչն առավել մեծ զայրույթի ալիք էր բարձրացրել:

No comments: