Monday, September 10, 2012

Ադրբեջանական գերության մեջ սպանված Սարիբեկյանի փաստաբանը կդիմի եվրոպական դատարան

Tert.am. 10-9-2012- Ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը մոտ օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկելու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, արձանագրելով, որ որոշումն ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում: Հայտնի է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Մանվել Սարիբեկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դիմել էր Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի վերջիններս ուղարկեն քրեական գործի նյութերը և որոշ հարցերի պատասխաններ: Նույնն հարցումը՝ երկրորդ անգամ, արվել էր նաև ՌԴ գլխավոր դատախազի միջոցով , սակայն երկու դեպքում էլ հարցումը մնացել էր անպատասխան: Փաստաբանը հայտնել է, որ միջազգային դատարանին որպես փաստական տվյալ ներկայացնելու է նաև ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերը՝ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ ներման ու անգամ պարգևատրման էր արժանացել: Արա Ղազարյանը պարզաբանել է, որ Մանվել Սարիբեկյանի սպանության գործով գանգատում կա առանձին բաժին քսենոֆոբիայի վերաբերյալ, այսպիսով, փաստաբանը տեղեկացնում է դատարանին, որ այն, ինչ ինքը, քսենոֆոբիայի առումով, փաստարկում է Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում, ապացուցվել է մեկ այլ՝ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերով: Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր՝ գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ն՝ երեկոյան ժամը 17-ի սահմաններում, Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել են գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով՝ Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել: 2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Մոտ մեկ ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին, ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին՝ քայքայված վիճակում: 2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ և ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով:

No comments: