Saturday, September 15, 2012

Հայ պատգամավորները Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող Եվրախորհրդարանի սեպտեմբերի 13-ին ընդունած
բանաձևը բավականին փոփոխություններ է կրել նախնական տարբերակի համեմատ՝ ի օգուտ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների: Այս մասին սեպտեմբերի 14-ի ճեպազրույցում հայտնեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Ես կարծում եմ, դա իսկապես միջազգային հասարակական կարծիք ձևավորելու համար բավականին լուրջ հայտարարություն է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «սա լուրջ հաջողություն է մեզ համար»: Նա նաև կարծիք հայտնեց, որ այս առումով «ճիշտ օգտագործվեց այդ նենգ գործարքը»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ևս ողջունելի համարեց բանաձևի ընդունումը. «Ես կարծում եմ, սա ուղղակի հիմնաքար է, որպեսզի մենք կարողանանք միջազգային կառույցներում վեր բարձրացնել և անընդհատ ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը»: Նա հավելեց նաև, որ «սա շատ քիչ է, որպեսզի մենք բավարարվենք և համարենք, որ եվրոպական կառույցները տվեցին գնահատական կամ արձագանք»: «Մինչ այժմ եղած արձագանքներից, հայտարարություններից, կոչերից, կարծես թե, սա ամենաընդգրկունն է, որովհետև իսկապես Եվրախորհրդարանը ներկայացնող տարբեր ուժեր են»,- ասաց «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ կդժվարանա այն որակել որպես Եվրոպայի կարծիք: «Բայց որ սա որակական առումով նախորդ բոլոր հայտարարություններից մի աստիճան բարձր էր՝ համաձայն եմ»,- ընդգծեց դաշնակցական պատգամավորը: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, Եվրախորհրդարանի հայտարարությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել նորմալ: «Որոշ բաներ կար, որ կուզեի այդպես չլիներ, բայց ընդհանուր առմամբ խնդրի դրվածքը ճիշտ էր, այդ խնդիրը պետք է բարձրացվեր, և դա շատ ճիշտ է»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ, վերջին օրերին ակնհայտ է դառնում, որ խնդրին տարբեր միջազգային ատյանների կողմից գնահատականները «էլ ավելի սուր են դառնում, էլ ավելի համահունչ են դառնում մեր սպասումներին»: Ըստ նրա, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն այդ քայլերից մեկն է: «Կարծում եմ, դա կունենա իր դրական ազդեցությունն ընդհանուր պրոցեսի վրա»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ չցանկանալով բացել փակագծերը, վստահեցրեց. «Հետագայում սպասվում են նոր բանաձևեր, նոր հայտարարություններ»: «Իհարկե, մենք բոլորս հակված ենք ավելի վճռական, այսինքն՝ ոչ միայն դատապարտող կամ գնահատական տվող հայտարարություններ լինեն, այլ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ հնարավորինս արձագանքները կանխատեսեն որոշակի միջոցառումներ թե՛ տվյալ գործի, թե՛ ղարաբաղյան խնդրի լուծման առումով»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, «այս տեսանկյունից նայելու դեպքում, իհարկե, բավարար չէ, բայց եթե նայում ենք քաղաքական տեսակետից, բնականաբար, դա որոշակիորեն մթնոլորտ է ստեղծել. նախ, այն բոլոր մեր ազգային խնդիրների հիմնական հայեցակարգերն ավելի ճանաչելի դարձան ընդհանրապես Եվրոպայի և եվրոպական համայնքի մեջ»: Գ.Սահակյանի համոզմամբ, Եվրախորհրդարանի բանաձևը գնահատելի և որոշիչ կարող է հանդիսանալ:

No comments: