Wednesday, September 19, 2012

Իրական, թե «պայմանական» թալիբներ

«Լրագիր» 19-9-2012- Հայաստանում թալիբների հայտնվելու եւ ահաբեկության սպառնալիքի մասին լուրը անհանգստացրել է բոլորին: Անմիջապես հիշվեց, որ Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանությունից հետո Հայաստանը դարձավ երկրների ցուցակում առաջինը, որոնցում ԱՄՆ զգուշացնում է ահաբեկչական ակտերի հնարավորությունը: Այն ժամանակ արդեն կային ենթադրություններ, որ ԱՄՆ տեղեկություններ ունի նախապատրաստվող ահաբեկությունների վերաբերյալ: Անհանգստացնող է նաեւ տեղեկատվությունն այն մասին, որ հայկական ատոմակայանը կանգնեցվել է մինչեւ դեկտեմբեր: Եւ թեեւ հայտարարվել է, որ դա պլանային վերանորոգում է, ակնհայտ է, որ ՀԱԷԿ-ը ամենախոցելի օբյեկտն է Հայաստանում: Փորձագետները նույնիսկ պնդում են, որ ՀԱԷԿ-ը Հայաստանի համար յուրօրինակ պաշտպանություն է արտաքին ագրեսիայից: Մեր հարեւան երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, հարյուր անգամ կմտածեն նախքան ատոմակայան ունեցող երկրի վրա հարձակվելը: Այսօր ֆրանսիական Մոնդը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը, ինչպես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները, հայտնվել է մահացու սպառնալիքի առջեւ: Չնայած նրան, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե շիա Իրանի, թե սուննի արաբական պետությունների հետ, այն մնում է քրիստոնեական երկիր, որը թշնամական հարաբերությունների մեջ է մուսուլմանական երկու հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Որքանո՞վ է հավաստի թալիբների մասին տեղեկատվությունը: Ազգային անվտանգության ծառայությունը պետք է բնակչությանն իրազեկի վտանգի մասին: Նույնիսկ եթե դա խուճապ առաջացնի, դա ավելի լավ է, քան մարդկանց զգոնությունը բթացնելը: Իսկ առավել լավ է, եթե հայկական սահմանների պաշտպանությունն իրականացնեն հայ սահմանապահները, ոչ թե այլ երկրների հատուկ ծառայությունները: Որքան էլ Ռուսաստանը բարեկամական լինի, ակնհայտ է, որ Հայաստանը լիակատար տեղեկատվություն չի ստանում իր սահմաններին տեղաշարժի վերաբերյալ եւ չի վերահսկում օպերատիվ իրավիճակը: Հարցը, թե ով եւ ինչպես է թափանցել Հայաստան, ոչ թե ներքին խնդիր է, այլ «միջազգային բանակցությունների առարկա»: Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է հայ գործընկերներին լիակատար տեղեկատվություն տրամադրի: Բացի այդ, պետք է դեռ պարզել, թե որտեղից է տեղեկատվության արտահոսքը: Հնարավոր է, ինչ որ մեկը հատուկ ապատեղեկատվություն է բաց թողել եւ նույնիսկ սադրանք է պատրաստում, փորձարկելու համար ինչ որ հակաահաբեկչական ուժերը: Առավել եւս, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ներկայում զորավարժություններ են անցկացնում Հայաստանում: Այնպես որ, չի բացառվում, որ խոսքը «պայմանական հակառակորդի» մասին է: Նաիրա Հայրումյան

No comments: