Wednesday, September 19, 2012

Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Հայաստանի եւ Արցախի միասին մասնակցության վերաբերյալ

HayNews.am. 19-9-2012- Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa` 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները: Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է: Այս պահին ցուցահանդեսն ընթանում է՝ ըստ սահմանված կարգի, իսկ հայկական տաղավարը մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից: Սույն թվականի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը և Արցախը «TopResa` 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին: Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո: Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր և քարտեզներ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

No comments: