Tuesday, September 11, 2012

ԱՄՆ-ն Իրանին հիշեցրել է միջուկային ծրագրի խաղաղ լուծման ժամանակի սահմանափակ լինելու մասին

Tert.am. 11-9-2012- Իրանական միջուկային ծրագրի խաղաղ լուծման հնարավորությունը դեռեւս պահպանվում է, սակայն դա հավերժ չի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: «Նախագահի դիրքորոշումն այսպիսին է. Նա ձգտում է թույլ չտալ Իրանին ստանալ միջուկային զենք, եւ դա Իսրայելի հետ մեր ընդհանուր տեսակետն է», - ասել է նա: Ըստ Քարնիի` ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ դեռեւս ժամանակ եւ հնարավորություն կա, որպեսզի այդ ջանքերն արդյունք տան: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է միջուկային ոլորտում Իրանի գործունեությանը: «Մենք կիմանայինք, եթե Իրանին հաջողվեր ձեռքբերում ունենալ միջուկային զենքի ստեղծման գործում, սակայն դեռեւս դա չկա: Այդ պատճառով էլ Իսրայելի հետ մեր ունեցած տեղեկության հիման վրա կարելի է ասել, որ ժամանակ դեռ կա դիվանագիտական ջանքերի համար», - նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես հայտնում է Չինական տեղեկատվական համացանցային կենտրոնը, Իրանի թեման շոշափվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հատարարության հետ կապված, որը հրատապ է համարում Իրանի միջուկային խնդրում «կարմիր գիծ» քաշելը: Պատասխանելով լրագրողի հարցին` Քարնին վստահություն է հայտնել, որ «կա ժամանակ եւ տարածություն, որպեսզի իրագործվող ջանքերն արդյունք տան»:

No comments: