Monday, September 17, 2012

Քոչարյանի պահանջարկը չկա

«Լրագիր» 17-9-2012- «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց իր այն որոշումը, որ նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ վստահ է՝ խնդիրներ կունենա գրացման հետ կապված: Արամ Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում նախագահի թեկնածուների պակաս երբեք չի եղել: Այս անգամ էլ, եթե իրավիճակ չփոխվի, նույնիսկ քսան թեկնածու կարող է առաջադրվել: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վերաբերյալ հարցերին՝ բանախոսը նշեց, որ եթե դրսի պահանջները լինեն, ապա Քոչարյանը կմտնի ընտրապայքարի մեջ: Իսկ եթե դրսից նման պահանջ չլինի, նա ընտրապայքարին չի մասնակցի: «Այս պահին դրսից այդ պահանջարկը չկա»,- նշեց նա: Կարապետյանը նկատեց, որ Քոչարյանի PR-ը գնում է երկու ուղղությամբ՝ այն, որ Պուտինն իր ընկերն է, և այն, որ իր պաշտոնավարման ժամանակ մարդիկ ավելի լավ են ապրել: Այս երկու ուղղություններն ուսումնասիրելով՝ Արամ Կարապետյանը եզրակացրել է՝ այսօր Քոչարյանի վերադարձը հնարավոր չէ: Արամ Կարապետյանը նաև անհավանական է համարում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելու սցենարը: Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը նեղ շրջանակներում ասել է. «Սերժ Սարգսյանն իմ մոտ վարչապետ աշխատել է, բայց հակառակը չի լինի»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, բանախոսը նշեց, որ ստվերային համագործակցություն այս երկու թիմերի միջև կա այսօր և հնարավոր է՝ դա վերածվի կոնկրետ գործողությունների:

No comments: