Thursday, September 6, 2012

Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի ցուցաբերած բարի կամքին ապերախտությամբ է պատասխանում

Panorama.am. 6-9-2012- Ադրբեջանի իշխանություններն Իրանի ցուցաբերած բարի կամքին ապերախտությամբ են պատասխանում: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Հոդվածում նշվում է, որ Իրանում լրտեսության համար ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների ազատ արձակման և ադրբեջանական կողմին հանձնելուց հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավարն ու ԱԳՆ մամլո խոսնակ Էլմար Աբդուլաևը իրենց մեկնաբանություններում նշել են, թե Իրանում ձերբակալված վերոնշյալ անձինք անմեղ են եղել և որևէ հանցագործություն չեն կատարել: Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների ազատ արձակման փաստն Ադրբեջանը փորձում է շահարկել՝ այն զուգակցելով Հունգարիայում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ: Հավելենք, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախօրեին ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին տարածել, համաձայն որի, ի պատասխան Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների ազատ արձակման քայլին, ադրբեջանական կողմն էլ ազատ է արձակել իրանական «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրող Աննար Բայրամլիին, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը չի հաստատվել:

No comments: