Tuesday, September 18, 2012

Էդվարդ Նալբանդյան. Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ Ադրբեջանում

News.am. 18-9-2012- Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրում, որտեղ զինվորները դիպուկահարության պարապմունքների ընթացքում կրակում են թիրախին, որի ճակատին գրված է «հայ»: Այդ մասին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարի խոսքով` ինքնորոշման իրավունքը բխում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունից, ոչ միայն միջազգային իրավունքի կարեւորագույն սկզբունքներից է, այլեւ շատ մեծ նշանակություն ունի անվտանգության առումով. «Ղարաբաղի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրում, որտեղ զինվորները դիպուկահարության պարապմունքների ընթացքում կրակում են թիրախին, որի ճակատին գրված է «հայ»»,- նշել է Նալբանդյանը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Արցախի բնակչությունը չի կարող իրեն ապահով զգալ, եթե երկրի ոստիկանների համար օրինակելի է Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանը. «Անվտանգության գործոնը վերջին տարիներին կարեւորագույնն էր ինքնորոշված ժողովուրդների համար»:

No comments: