HayNews.am. 12-9-2012- Օրեր առաջ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը: 2010 թվականից հետո, երբ Սուրբ Խաչը վերանորոգվեց և վերածվեց թանգարանի, թուրքական իշխանությունները թույլ են տալիս տարին մեկ անգամ կրոնական արարողություն անցկացնել եկեղեցում: Այս տարի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ թվով երրորդ պատարագը: Ինչպես ավելի վաղ նշել էր HayNews.am-ը, Աղթամար կղզում` Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում, տեղադրվել էին Թուրքիայի հսկա դրոշներ, որոնք աչք էին ծակում: Aykiridogrular կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթի հետ զրույցում Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրաթ Աքյուզը, ով ծնվել է Թուրքիայում, նույնպես ուշադրություն է դարձրել թուրքական դրոշներին, որոնց բարձրությունը կազմում էր շուրջ տասը մետր: «Թուրքիայի չափ իր դրոշները ցույց տալ սիրող երկիր չկա: Դրոշները ցույց են տալիս ազգայնականության աստիճանը: Այս երկրում որ քարը բարձրացնես, տակը կհանդիպես հայկական մշակույթի: Թուրքիան պետք է լինի ավելի բարեկամական: Թուրքերն այս հողերում են տեղավորվել հայերի ստեղծածներով: Թուրքիան պետք է վերջ տա այս ռասիզմին: Թող մեր առաջ թուրքերը բացեն սրտերը, այլ ոչ դրոշները»,-հայտարարել է Աքյուզը: Նշենք, որ պատարագին այս տարի մասնակցել է 2-3 հազար հայ: Կղզին հսկել է 60 ոստիկան և 200 անվտանգության աշխատակից:
Thursday, September 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment