Wednesday, September 19, 2012

Հայոց պահանջատիրության դեմ առաջին թուրքական հուշարձանը կբացվի Կանադայում

HayNews.am. 19-9-2012- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնել է Կանադա` մասնակցելու 30 տարի առաջ «ASALA»-ի վրիժառուների կողմից սպանված թուրք դիվանագետ, դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալթըքաթի հուշարձանի բացման արարողությանը: Նշվում է, որ դրա կառուցման ծրագիրը շուրջ 1 տարի գաղտնի է պահվել հայերից: Թուրքերը մտավախություն են ունեցել, որ հայկական լոբբիստական ուժերը կարող են տապալել հուշարձանի կառուցման ծրագիրը: Գործընթացին լայն աջակցություն է ցուցաբերել Թուրքիան: Այնտեղ է պատրաստվել հուշարձանը և մաս-մաս տեղափոխել Կանադա գաղտագողի և ծածուկ: Հուշարձանի ճարտարապետ Նեջմեթթին Յաղջըն ընդգծել է, որ արտերկրում հայերի հակաթուրքական տասնյակ քարե կոթողների դիմաց դա առաջին պատասխան արձանը կլինի թուրքերի կողմից: Հուշարձանի բացումը կատարելուց հետո Դավութօղլուն հանդիպում է ունենալու Կանադայի իր պաշտոնակցի հետ և քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգամցան հեռանկարը: Հիշեցնենք, որ «ASALA»-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ - Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1980-ականներին դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզուներով` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն: 10 տարվա ընթացքում «ԱՍԱԼԱ»-ի զինյալներն իրականացրեցին ավելի քան 200 հարձակում թուրք դիվանագետների և քաղաքական գործիչների դեմ աշխարհի տարբեր երկրներում: Այդ տարիներին թուրքական կառավարությունը գնաց ծայրահեղ քայլի. Անկարան սկսեց իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինել և հատկացնել զրահապատ մեքենաներ: 1990-ականների սկզբին «ԱՍԱԼԱ»-ն ընդհատակ անցավ, բայց երբեք չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին, տեղեկացնում է Ermenihaber.am կայքը:

No comments: