Tuesday, September 18, 2012

Հայաստանը վախեցնո՞ւմ է ՆԱՏՕ-ին. Georgia Times

Tert.am. 18-9-2012- Georgia Times լրատվական պորտալն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համատեղ անցկացվող «Փոխգործակցություն - 2012» զորավարժություններին, որոնք անցկացվում են Հայաստանում՝ գրելով, թե «օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ) հակազդում են պայմանական հակառակորդի ագրեսիային, ամրապնդում են համագործակցությունն ու փոխըմբռնումը ՀԱՊԿ-ում, ինչպես նաև՝ լուրջ ռազմական պոտենցիալ են ցույց տալիս ՆԱՏՕ-ին»: «ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի զորավարժությունները միանգամայն հասկանալի հետաքրքրություն առաջացրեցին փորձագետների և քաղաքական գործիչների շրջանում, այդ թվում՝ արտաքին քաղաքական էլիտայի: «Փոխգործակցություն - 2012»-ը հավակնում է դառնալ տարվա ամենակարևոր ռազմական իրադարձությունը Հայաստանում, եթե, իհարկե, հաջողվի հաշտություն պահպանել Ադրբեջանի հետ»,- գրում է Georgia Times-ը: Աղբյուրն արձանագրում է, որ զորավարժություններն ապշեցնում են իրենց ընդգրկումով: Աղբյուրը վիճարկում է ՀՀ պաշտպանության նախարարի այն բնորոշումը, թե սրանք աննախադեպ զորավարժություններ են: «Իրականում նախադեպեր եղել են՝ այլ անդամ երկրներում 2009թ.-ին ու 2010թ.-ին, սակայն նման մասշտաբի չեն եղել», - նշում է GT-ը: «Այս զորավարժությունները ցույց են տալիս Հայաստանի և ՀԱՊԿ-ի նրա գործընկերների պատրաստակամությունը՝ որպես մի ուժի, որն ունակ է անվտանգություն ապահովել տարածաշրջանում, կամ անհրաժեշտ անվտանգություն այս կամ այն պետության տարածքում», - ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովի խոսքերն է մեջբերել Georgia Times-ը: «ՀԱՊԿ-ն ակնհայտորեն ցանկանում է բոլորին ցույց տալ, որ լուրջ ռազմական պոտենցիալ ունի: Եվ առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ին՝ իր գլխավոր ոչ բացահայտ հակառակորդին և այլընտրանքային կառույցին», - եզրափակում է աղբյուրը: Հայաստանը կառույցի հիմնադիր անդամներից է, իսկ Ադրբեջանն ու Վրաստանն այլևս այս կառույցի անդամներ չեն:

No comments: