Saturday, September 8, 2012

Guardian. Ի պատասխան «հարաբերական լռության» Բաքուն Վաշինգթոնին պարգեւատրում է Իրանից հետախուզական տվյալներով

News.am. 7-9-2012- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է բրիտանական Guardian պարբերականում տպագրված Սիմոն Թիսդալի հոդվածը: «Կովկասում պատերազմի ուրվականն այս շաբաթ կրկին հայտնվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում գիշերը կացնահարելով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրամիությունը ներգրավվեցին դիվանագիտական քննարկումների մեջ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զայրացած նախազգուշացրեց, «Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե այն սկսվի, մենք այդ պատերազմում կհաղթենք»: Ադրբեջանի բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի հետ գտնվել է Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ալեկոծել է հասարակական կարծիքը թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Երկու կողմերն էլ հակամարտում են Լեռնային Ղարաբաղի տարածքի համար, որտեղ 1988-94 թվականների ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 30 000 մարդ: Մինչ օրս խնդիրը մնում է չլուծված: Այս ամռանը կողմերը սահմանին կրակոցներ են փոխանակել: Վաշինգթոնին եւ Մոսկվային անհանգստացնում են այս հակամարտության քաղաքական եւ ռազմավարական արմատները: ԱՄՆ նախկին փոխբախագահ Դիք Չեյնիի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանը այլ երկրների շարքում, վերջին տարիներին դարձել է Արեւմուտքին նավթ մատակրարող երկրներից մեկը: Ամերիկյան եւ բրիտանական ընկերությունները, այդ թվում ExxonMobil-ն ու BP-ն (Բրիթիշ Պեթրոլիում), Ադրբեջանի նավթի եւ գազի հանքավայրերի մշակման համար ներդրել են 35 մլրդ դոլար եւ Ադրբեջանի կարեւորությունը որպես կայուն մատակարար աճել է, հաշվի առնելով վերջին իրադարձություններն արաբական երկրներում: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն օգտագործում է Ադրբեջանի տարածքը դեպի Աֆղանստան մատակարարումների համար: Ադրբեջանի ռազմական ծախսերը, նավթային եկամուտների շնորհիվ, կազմում են տարեկան 3.6 մլրդ դոլար: ԱԱդրբեջանի արեւմտամետ քաղաքականությունը, ինչպես նաեւ նրա դիրքը այդ երկիրը դարձնում է առանցքային խաղացողներից մեկը Օբամայի վարչակազմի համար՝ Իրանի դեմ չհայտարարված պատերազմում: ԱՄՆ-ի պաշտոնական քննադատությունը նախագահ Ալիեւի կառավարության կողմից երկրում քաղաքացիական, ընտրական, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ շատ թույլ են եւ խլացված են: Իր հարաբերական լռության համար Վաշինգթոնը պարգեւատրվում է հետախուզական տվյալներով եւ այլ ծառայություններով, կապված Իրանի հետ: Մինչեւ 20 մլն էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում Իրանի հյուսիս-արեւմուտքում, որը ադրբեջանցի քաղաքագետներն անվանում են «հարավային Ադրբեջան»: Տվյալ տարածաշրջանում ԿՀՎ-ի թեթեւ ձեռքով անկայունություն ստեղծելու հնարավորությունները լայն են: Բայց առավել նկատելի են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները: Ադրբեջանը փետրվարին 1,6 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել Իսրայելից, իսկ մարտին Ադրբեջանը ձերբակալել է 22 մարդու, ովքեր ներգրավված էին իրանական դավադրության մեջ՝ նպատակ ունենալով սպանել ամերիկացի եւ իրայելցի դիվանագետների: Ալիեւը հայտարարել է, որ չեզոք դիրք է գրավում իրանի միջուկային ծրագրի հարցում, իսկ ԻԻրան-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են խորը սառեցված վիճակում: Առավել քիչ հարուստ Հայաստանը եւս ունի ռազմավարական եւ հզոր գործընկերներ իր թիկունքում: Ռուսաստանը նրա ռազմավարական գործընկերն է, զենքի հիմնական մատակարարը, ով ռազմակայան ունի Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին: Հուլիսին հայտարարվեց, որ Ռուսաստանը կրկնապատկում է Գյումրիի իր ռազմակայանի թվակազմը, որը Հայաստանում կլինի մինչեւ 2044 թվականը: Իրանը եւս համագործակցում է Հայաստանի հետ, ինչպես նաեւ իր հզոր ազդեցությունն ունի ԱՄՆ-ի հայ համայնքը, որը գիտի, թե ինչպես ազդել Սպիտակ Տան վրա: Ռամիլ Սաֆարովի արտահանձնելու ու ներում շնորհելու փաստին Հայաստանի արձագանքը անհանգստությամբ են ընդունել բոլոր երկրների բարձր մակարդակներում: Հայաստանը սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Բարաք Օբաման իր վրդովմունքն է հայտնել, Կրելմն իր դժգոհությունն է հայտնել թե Ադրբեջանի, թե՝ Հունգարիայի գործողությունների առնչությամբ: Բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել աշխարհի շատ երկրներում: Ի պատասխան Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի արձագանքը «հիստերիկ» է եւ որ նախագահ Սերժ Սարգսյանն, իբր, գաղտնի կերպով պատվիրել է սպանել Սաֆարովին: Այս իրավիճակը հիշեցնում է այն մասին, որ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները», որոնք մնացել են սառը պատերազմից հետո, կարող են կրկին բռնկվել մեծ արագությամբ, եթե դրանք անտեսվեն երկար ժամանակով:

No comments: