Wednesday, September 12, 2012

Թուրքիան լռեց, երբ Ադրբեջանն անամոթաբար ներում շնորհեց. Hurriyet

Tert.am. 11-9-2012- Թուրքական Hurriyet-ը «Զրո խնդիրների քաղաքականություն Ադրբեջանի հետ» իր անդրադարձում Թուրքիային անվանում է տարածաշրջանային տերություն, միջազգային «խաղորդ» և կարծիք հայտնում, որ երկիրն անամոթաբար լռել է Ադրբեջանում «Սաֆարովի գործի» վերաբերյալ: Հոդվածագիր Բարջին Յինանջը նշում է, որ տարիներ առաջ երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ներառելու է ամբողջ աշխարհը: Նա ասել էր, որ Թուրքիան լինելու է այն խելացի երկրներից մեկը, որոնք ձևավորում են նոր աշխարհակարգ: «Եվ իսկապես, եղել են ժամանակներ, երբ Թուրքիան միջնորդ է եղել սերբերի և բոսնիացիների միջև, միջամտել է Լիբանանի ճգնաժամին, փորձել բանակցային սեղանի շուրջ նստեցնել սիրիացիներին և իսրայելցիներին: Եղել է նաև, որ որոշ աֆրիկյան երկրներ Թուրքիային խնդրել են իրենց ներկայացնել Մեծ 20-յակում…Սակայն վերջին կես տարում Թուրքիայի ամբողջ օրակարգը տակնուվրա են արել Սիրիայի ճգնաժամն ու քրդական խնդիրը», - գրում է հոդվածագիրը: Նա արձանագրում է՝ Մյանմայից բացի, Թուրքիան շատ ուշադրություն չի դարձրել այլ կարևոր միջազգային խնդիրների: Ըստ հոդվածագրի, սակայն, Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունից, ճակատագրի հեգնանքով, տուժել է Ադրբեջանը, որն իրեն դավաճանված է զգում՝ Հայաստանի հետ հաշտվելու ջանքերի պատճառով: Հոդվածի համաձայն, այն բանից հետո, երբ Թուրքիան 180 աստիճանի շրջադարձ կատարեց Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականության մեջ, թուրք-ադրբեջանական հարաբերությունները կրկին ջերմացան: Նկատվում է, որ կարճ ժամանակում Ադրբեջանը կարող է դառնալ թիվ 1 օտարերկրյա ներդրողը Թուրքիայում, քանի որ ադրբեջանական ներդրումներն արագ աճ են գրանցել: «Բաքվի հետ հարաբերություններն այժմ այնքան արժեքավոր են Թուրքիայի համար, որ կառավարությունը լռություն պահպանեց, երբ Բաքուն անամոթաբար ներում շնորհեց ու նույնիսկ բարձրացրեց Հունգարիայում հայի սպանած ու Բաքվին վերադարձված ադրբեջանցի զինվորականի կոչումը»,- գրում է հոդվածագիրը: Շարունակելով՝ Յինանջը գրում է, որ մյուս կողմից էլ Ադրբեջանն անդրդվելի է մնում վիզային ռեժիմը վերացնելու Թուրքիայի խնդրանքի հանդեպ: «Նույնիսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նշանավոր խարիզման ( նա այս շաբաթ կլինի Ադրբեջանում) Իլհամ Ալիևի դեպքում կարող է չգործել: Ալիևին երբեք էլ առանձնապես չի հետաքրքրել Թուրքիայի վարչապետը»,- գրում է թերթը:

No comments: