Saturday, September 8, 2012

The New York Times. «Սաֆարովի գործը» սպառնում է վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին

News.am. 8-9-2012- «Սաֆարովի գործը» սպառնում է վերջ դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին եւ վերաճել արյունալի պատերազմի: Նավթով հարուստ Ադրբեջանը մշտապես ճնշում է գործադրել Հունգարիայի վրա` Սաֆարովի արտահանձնման համար` չնայած Հայաստանի բողոքներին: Պաշտոնական Բուդապեշտը որպես արդարացում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ գոյություն է ունեցել գրավոր պայմանավորվածություն, որ Սաֆարովն ազատ կարձակվի 25 տարի պատիժը կրելուց հետո, սակայն հայրենիք վերադառնալուն պես նա Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացավ: Սաֆարովին ներման արժանացնելու իրադարձությունն այնքան էր ոգեւորել Ադրբեջանի քաղաքացիներին, որ անգամ անծանոթները փողոցում շնորհավորում էին միմյանց: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կերպ կարձագանքի այդ իրադարձություններին հայկական կողմը: «Մենք ոչ մի դեպքում պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե ստիպված լինենք ռազմական գործողություններ սկսել, կպայքարենք եւ կհաղթենք»,-հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին: Հայաստանի ընդդիմությունն առաջարկեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քայլ, որը կարող է նշանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների ավարտ: Հայաստանն իր հերթին կարող է բարդացնել իրավիճակը` բացելով Ստեփանակերտի օդանավակայանը: «Ես կասկածում եմ նրանում, որ կողմերը փորձել են ռազմական գործողությունների սկիզբ դնել, սակայն այս իրադարձությունները կարող են պատահական կերպով ռազմական հակամարտության պատճառ դառնալ»,-ասում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ոչ քիչ գումարներ է դրել` երկրի վարկանիշը բարձրացնելու համար, մասնավորապես, ընդունելով «Եվրատեսիլ» մրցույթը, սակայն Ադրբեջանի դիրքերը սասանվեցին, երբ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան իրենց դժգոհությունը հայտնեցին մարդասպանի ներման առնչությամբ: «Սաֆարովի տուն վերադարձը հաղթանակի մասին հայտարարելու պարզունակ միջոց է: Հային սպանած այդպիսի հերոսին աջակցությունը հավասարեցնում է հերոսի եւ նախագահի կարգավիճակները: Բավականին հրատապ է` հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները»,-հայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Զուրդուշտ Ալիզադեն: «Այդ իրավիճակը նման է նրան, ինչ տեղի ունեցավ Բալկաններում: Դա արյունալի հաշվեհարդար էր: Միաժամանակ` վտանգ կա, որ այս տարածաշրջանում հակամարտությունը նոր ուժով կբռնկվի»-հայտարարել է Ալիզադեն:

No comments: