Saturday, September 8, 2012

Բակո Սահակյանի ելույթը՝ երդմնակալության արարողության ժամանակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երրկ երդում է տվել` ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը: Երդումից հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ամբողջովին. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայրեր, Հարգարժան նախագահ Ղուկասյան, Պարոնայք գեներալներ և սպաներ, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի հյուրեր, Ստանձնելով Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը` ես քաջ գիտակցում եմ, թե ինչ հսկայական պատասխանատվություն եմ վերցնում, պատասխանատվություն` հայրենի երկրի, հարազատ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ես պատրաստ եմ ու հաստատակամ` կյանքի կոչելու իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Արցախը առաջ տանելու կայուն և համակողմանի զարգացման ճանապարհով: Կշարունակեմ ծառայել մեր հայրենիքի հետագա զորացման ու բարգավաճման գործին, անել հնարավորը, որպեսզի մեր քաղաքացիների կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու ապահով: Հինգ տարի առաջ` սեպտեմբերի 7-ին, առաջին անգամ ստանձնեցի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը և ձեզ հետ միասին ձեռնամուխ եղա երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով, բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ, Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցությամբ մեզ հաջողվեց լուծել բազում խնդիրներ, իրականացնել տարբեր ծրագրեր` ուղղված Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսության համաչափ զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը: Վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են և ակնառու: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը: Ես շահագրգռված եմ իմ հետագա աշխատանքում հաշվի առնել բոլոր կարծիքներն ու տեսակետները, ուսումնասիրել ու քննարկել ներկայացված առաջարկությունները: Կոչ եմ անում շարունակել սկսածը, շարունակել նոր ոգով ու եռանդով, հույսով ու հավատով, համոզված, որ մեր հաջողությունը մեր ձեռքերում է, և որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի: Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ` իր անկոտրում կամքի ու անսասան ոգու, խոր իմաստնության ու բազկի ուժի, միասնականության ու համախմբվածության շնորհիվ: Դրա վկայությունը մեր այսօրվա վերածնված Արցախն է: Փորձությունների միջով անցած ու անդառնալի կորուստներ կրած և այժմ հաղթական կեցվածքով իր պապերի հողը շենացնող, հայրենի օջախը վառ պահող արցախցին պետք է ապրի արժանավայել կյանքով: Հանուն այդ նպատակի են իրենց կյանքը զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Հանուն այդ նպատակի ենք մենք այսօր պայքարում, մշակում և իրականացնում կենսական կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր: Մենք պարտավոր ենք կառուցել ժողովրդավարական պետություն, որի հիմքում կլինեն մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերն ու համազգային ձգտումները, փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Մեր ազգի հարստությունը` դա ամենից առաջ նրա մտավոր ներուժն է, հասուն ու գործունյա մարդիկ, կիրթ ու բազմակողմանի զարգացած երիտասարդները: Եվ մենք պարտավոր ենք զարգացնել տնտեսությունը, ստեղծել անհրաժեշտ ու հավասար պայմաններ, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անհատ կարողանա լիարժեք դրսևորել իր ունակություններն ու կարողությունները: Պարտավոր ենք հոգ տանել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի հաշմանդամների, մեր բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին: Պարտավոր ենք ամրապնդել Արցախի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, օրեցօր հզորացնել նրա անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող պաշտպանության բանակը: Հայոց բանակը մեր պարծանքն ու հպարտությունն է, մեր հաղթական ոգու լավագույն վկայությունը: Մենք ասել ենք և կրկնում ենք, որ կտրականապես դեմ ենք պատերազմին, որ հակամարտության լուծումը տեսնում ենք միայն խաղաղ կարգավորման ճանապարհով, քաղաքակիրթ երկխոսության միջոցով` Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Միաժամանակ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մեր անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են, և նրանց սպառնացող ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան: Թանկագին բարեկամներ, Մենք պարտավոր ենք ունենալ հզոր ու զարգացող հայրենիք, որը յուրաքանչյուր հայի հպարտությունն է, երկիր, որտեղ ապրելն ու արարելը պատիվ է յուրաքանչյուր քաղաքացու համար: Ես ավելի քան վստահ եմ, որ մենք կկարողանանք իրականացնել համազգային նպատակներն ու ձգտումները, կկարողանանք, քանի որ արդեն երկու տասնամյակ է, ինչ համախմբված ու արժանապատվորեն կառուցում ենք մեր հարազատ Արցախը: Եվ կշարունակենք կառուցել, կառուցել միասին` հանուն մեր ժողովրդի և նրա հուսալի ապագայի»:

No comments: