Monday, October 29, 2012

1907թ. այս օրը վախճանվեց Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը

1in.am. 29-10-2012- 1907թ. այս աօրը վախճանվեց Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական, գրող Մկրտիչ Խրիմյանը (Մկրտիչ Ա Վանեցի): Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում: Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական: 1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար: Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը: Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը: 1890թ. Կ. Պոլսի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին: 1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:

No comments: