Monday, October 29, 2012

Երևանի և Բաքվի միջև ուղիղ հաղորդակցության կարիք չկա. քաղաքագետ

Tert.am. 28-10-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս
ձևաչափը բավարար է Երևանի ու Բաքվի միջև կապը պահպանելու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով օրերս Huffington Posti-ում հրապարակված «Ղարաբաղի հակամարտության համար 7 դաս՝ Կարիբյան ճգնաժամից» հոդվածին, որում ի թիվս այլ կետերի, նշվում է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է ուղիղ հաղորդակցություն լինի: «Քաղաքական շփումները ավելի քան բավարար են: Ադրբեջանի նախագահը, այն ղեկավարներից մեկն է, որի հետ մեր նախագահը առավել հաճախ է հանդիպումներ ունենում: Այսինքն` քաղաքական շփման խնդիր ներկայիս իրավիճակում չկա»,– ասաց նա: «Իսկ եթե խոսքը վերաբերում է այլ տիպի համագործակցություններին, ապա պետք է նշել, որ դրա բացակայությունը ունի իր օբյեկտիվ պատճառները: Դրանցից ամենակարևորն այն է, որ պաշտոնական Բաքուն շարունակում է հայատյացության քաղաքականություն վարել և այդ քարոզչությունը դեռևս նրանց մոտ առաջնային դեր ու նշանակություն ունի»,- նշեց քաղաքագետը և ավելացրեց, որ երկու երկրների միջև կապերի ավելի սերտացման հեռանկար դեռևս չի նկատվում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համար ուղիղ կապի ստեղծումը ընդունելի ու անհրաժեշտ է, թեև իր կարծիքով այս պահին դա հնարավոր չէ: «Թուրքերը այս վիճակում, նման կապերի չեն գնա: Եթե հավասարակշռությունը խախտվի և նեղ վիճակում լինեն, ապա ըստ իրենց սովորության, պատրաստ կլինեն ցանկացած ստոր քայլի»,– ասաց նա: «Այս դեպքում իրենց, իսկ ստորությամբ կգնան մեզ ընդառաջ: Բայց այդ ուղիղ կապի ստեղծումը թույլ կտար պատահական դեպքերից հեռու մնալ: Մենք հիմա սա չունենք, մեր փոխարեն դա անում են միջնորդները, իսկ նրանք միշտ հանդես են գալիս իրենց շահերից »,- ավելացրեց քաղաքագետը: Անդրադառնալով երկու երկրների առաջնորդների ներկայիս շփումներին՝ Լևոն Շիրինյանը բնորոշեց, որպես քաղաքավարության ժեստ: «Նրանց դա գերտերություններն են պարտավորեցնում: Այստեղ որևէ կողմի չմասնակցելը այդ հանդիպումներին կնշանակի արհամարհել և հանդես գալ աշխարհի առջև պատերազմական հրձիգի տեսքով»,- ընդգծեց նա: Լևոն Շիրինյանը համաձայն է ամերիկյան լրատվամիջոցի վերլուծաբանի այն կարծիքի հետ, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկը ռազմական գերազանցություն չունի: Նա հենց այս հանգամանքը համարեց 21 տարի խաղաղության պահպանման հիմք: «Ադրբեջանը զինվում-զինվում է, նավթ է վաճառում-վաճառում, բայց գերազանցությամբ չի հասնում կամ անցնում: Նշանակում է, մենք վարպետորեն խաղում ենք, և մենք բավականին ուժեղ ենք»,– ասաց նա։ «Դրա հակառակ ապացույցը կլիներ, այն որ Ադրբեջանը դիմեր ռազմական գործողությունների: Բայց նա քաջ գիտի, որ հայկական կողմի ուժի հաղթահարումը իր ուժերից վեր է: Այս իրադրությունը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև որ Ադրբեջանին կպարտադրվի խաղաղություն, իսկ այդ պահը դեռ գալու է»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ առավելությունը հայկական կողմինն է։ «Քանի դեռ մենք հնարավորություն ունենք լուծելու մեր մինիմալ խնդիրը, այսինքն` ապահովել մեր երկրի անվտանգությունը, իսկ Ադրբեջանը հնարավորություն չունի լուծելու իր առջև դրված խնդիրը՝ գրավել Արցախի Հանրապետությունը, հետևաբար առավելությունը միանշանակ մեր կողմն է»,- ասաց նա։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ թեև Ադրբեջանը փորձում է իր ռազմական ծախսերը ներկայացնել՝ որպես ձեռքբերում կամ առավելություն Հայաստանի ու Արցախի նկատմամբ, դրանք ավելի շատ քարոզչական բնույթի են, քան իրական ազդեցություն կարող են ունենալ ուժերի հավասարակշռության վրա: Ըստ նրա այսօր հայկական բանակի սպառազինումը թույլ է տալիս շատ հեշտությամբ կասեցնել Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն: Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը անմիջապես պատերազմ կսանձազերծի ցանկացած պահի, երբ վստահ լինի, որ կարող է հաղթանակ տանել։ «Քանի դեռ դա չկա (վստահությունը – Tert.am), Ադրբեջանը շարունակում է գործել պոպուլիստական շահարկումների ոլորտում: Ի տարբերություն նախկինի, անպաշտպան դիրքեր մենք այսօր չունենք, և ամեն մի գյուղ ու տարածք կայուն պահպանության տակ է գտնվում»,- ասաց նա:

No comments: