Saturday, October 13, 2012

Ռուսաստանի հայերին նոր ղեկավար է պետք

«Լրագիր» 12-10-2012- Ռուսաստանի հայերի միությանը, թերեւս, շուտով նոր ղեկավար անհրաժեշտ կլինի: Արա Աբրահամյանը խոստովանել է, որ Լիբիայում միլիոնավոր դոլարներ է կորցրել եւ ստիպված է եղել վերադարձնել հայկական բանկերին ունեցած պարտքը: Ճիշտ է, նա ասել է, որ չի սնանկացել, սակայն դա հավասարազոր է ինքզինքը սնանկ ճանաչելուն: Արդյո՞ք ՌՀՄ-ին պետք է սնանկացած նախագահ: Այդ կազմակերպությունը կառուցվել էր Արա Աբրահամյանի փողերի վրա, եւ դրա քաղաքականությունը համապատասխանաբար որոշվում էր Արա Աբրահամյանի նախընտրություններով, ճաշակով, կապերով: Այժմ, երբ Արա Աբրահամյանի գումարները պակասել են, կամ էլ այլեւս չկան, ամենայն հավանականությամբ, նրա հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարության հետ կփչանան: Հայաստանի հետ հարաբերությունները, թերեւս, վաղուց են փչացած՝ դատելով այն բանից, որ հայկական բանկերը պահանջել են իրենց վարկերը: Մնում է Պուտինը: Արա Աբրահամյանի գործերի վիճակը հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրի, բացի նրա մերձավորներից ու նրանցից, ովքեր աշխատավարձ են ստանում նրա ձեռնարկություններում: Սակայն շատերին, ըստ ամենայնի, հետաքրքրում է ՌՀՄ հետագա ճակատագիրը: Ոչ միայն այն առումով, թե ով կդառնա հաջորդ նախագահ, քանի որ Արա Աբարհամյանը կարող է մնալ: ՌՀՄ-ը պետք է փոխի որոշումներ կայացնելու կարգը եւ դառնա ոչ թե մեկ մարդու կազմակերպություն, այլ կառույց, որը հետապնդում է ողջ սփյուռքի շահերը, որոշումներ է ընդունում կոլեգիալ ձեւով եւ ծառայում է ոչ թե Հայաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնելուն, այլ Ռուսաստանի հայերի իրավունքները պաշտպանելուն: ՌՀՄ-ն այժմ զբաղված է Վլադիմիր Պուտինի համար հայերի աջակցությունն ապահովելով՝ դրա դիմաց թերեւս ստանալով արտոնություններ Արա Աբրահամյանի համար եւ «հայերին չդիպչելու» խոստում: Նաիրա Հայրումյան

No comments: