Wednesday, October 10, 2012

Օսմանյան երազներով տարված Էրդողանը փորձում է Սիրիան Թուրքիայի նահանգ դարձնել. PKK-ի առաջնորդ

News.am. 10-10-2012- Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներից Մուրադ Քարայըլանը ընդարձակ հարցազրույց է տվել քրդական ANF լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով նաեւ Թուրքիայի խորհրդարանի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ թույլատրող օրինագծի վավերացմանը։ Մուրադ Քարայլըլանը նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախկինում էլ էր նման օրինագծեր ընդունում, սակայն դրանք ուղղված էին Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի դեմ։ «Ներկայում դրանց նպատակը փոխվել է։ Խորհրդարանում ընդունված օրինագիծը Սիրիայի, Իրանի, Իրաքի եւ քրդերի դեմ պատերազմ սկսելու նախաբանն է։ Առաջիկայում Սիրիայում ընթացող պատերազմը կարող է ընդլայնվել, եւ Թուրքիան օսմանյան երազներով է տարվում։ Թուրքիան ցանկանում է Սիրիան իր նահանգը դարձնել։ Սիրիայից հրետանային արկը ընկավ Թուրքիայի սահմանային Աքչաքալեյի շրջանում եւ 5 հոգու մահվան պատճառ դարձավ։ Սակայն հիմա ենք տեղեկանում, որ Թուրքիան սեպտեմբերի 23-ից հրետանային հարվածներ է հասցնում Սիրիային։ Թուրքիան փորձում է Սիրիայում քրդերի ձեռք բերած հաջողությունները կրկին վերացնել։ Եթե Էրդողանը նման բան փորձի անել, բոլոր քրդերը կպայքարեն նրա դեմ»,-ասել է Մուրադ քարայըլանը։

No comments: