Tuesday, October 16, 2012

Եթե Նիկոլն առաջադրվի

«Lragir.am», 16.10.2012: Նախագահի ընտրությանն ընդառաջ հնարավոր թեկնածությունների շարքում Հայաստանում շատերն են դիտարկում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը, իսկ Մարդու իրավունքներ 96 կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ ուղակի հայտարարեց, որ Կոնգրեսի թեկնածուն պետք է լինի Նիկոլը, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Գրեթե կասկած չկա, որ եթե Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չունի առաջադրվելու մտադրություն եւ Կոնգրեսը պետք է այլ թեկնածու առաջադրի, առաջատարը կարող է լինել Նիկոլ Փաշինյանը։ Բայց առաջատարը ոչ թե Կոնգրեսի, այլ հանրային իմաստով։ Կոնգրեսում Նիկոլի առաջատարության խնդիրը մեղմ ասած այդքան էլ միարժեք չէ։ Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը քաղաքացիական կառույցից արագորեն դառնալով քաղաքական ինտրիգների հայաստանյան կծիկներից մեկը, ունի ուժերի այսպես ասած ամենեւին ոչ քաղաքացիական դասավորություն։ Իսկ այդտեղ արդեն Նիկոլի դիրքերն ամենաամուրը չեն, առավել եւս նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնն ու Լեւոն Զուրաբյանի հանդեպ նրա վերաբերմունքը։ Բայց, ընդհանուր առմամբ ամենից առաջ կա թերեւս մի հարց` իսկ Նիկոլին պե՞տք է առաջադրվել, եթե անգամ Տեր-Պետրոսյանը չի խանգարի եւ նույնիսկ կաջակցի դրան։ Որեւէ կասկած չկա, որ ներկայում Նիկոլն իր առաջադրումով որեւէ էական փոփոխություն չի կարող մտցնել նախագահի ընտրության գործընթացում։ Շատերը կգնան ու ձայն կտան նրան, բայց անկասկած ոչ այնքան շատերը, որ դա գլխացավանք դառնա իշխանության համար։ Դա ավելի շուտ գլխացավանք կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի համար։ Իհարկե, նա ցույց է տվել, որ գլխացավից վախեցող գործիչ չէ, բայց հարցը վախն էլ չէ։ Բանն այն է, որ Նիկոլը փաստորեն ժամանակից շուտ մտնելու է իր ընտրողների առաջ պատասխանատվության տակ եւ փաստացի արդեն ոչ թե առաջ, այլ անընդհատ հետ է նայելու` 2013-ի համար ռեաբիլիտացվելու նպատակով։ Նա իր քաղաքական կենսագրության ընթացքում այլեւս անընդհատ փորձելու է ինչ որ բան ապացուցել 2013-ի կոնտեքստում։ Այդպես է եղել Հայաստանի նախագահի գրեթե բոլոր այսպես ասած ընդդիմադիր թեկնածուների պարագայում։ Պարույր Հայրիկյանը 1991-ում մնաց, Վազգեն Մանուկյանն 1996-ից հետո մնաց 96-ում, Ստեփան Դեմիրճյանը մնաց 2003-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ում է մնացել։ Նիկոլն էլ մնալու է 2013-ում, եթե առաջադրվի։ Մինչդեռ նա Հայաստանի նոր սերնդի ամենահեռանկարային գործիչներից մեկն է եւ հանրային իմաստով դա իսկապես կորուստ կլինի։ Նիկոլին ակնհայտ վաղ է թե հաղթելու, թե պարտվելու համար։ Նրա քաղաքական կենսագրությունը դեռեւս շատ բարակ է այդ դիլեմայի առաջ կանգնելու համար։ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: