Thursday, October 18, 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը բարի գալուստ մաղթելով հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ հայ-իտալական դարավոր բարեկամությունն արտահայտվում է ոչ միայն պետական, այլև եկեղեցական մակարդակով, որի վկայությունն են Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Զինված ուժերում հոգևոր հովվությանը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր չորս տասնյակից ավելի եկեղեցականներ իրենց հոգևոր ծառայությունն են բերում հայոց բանակում: Նորին Սրբությունը նաև նշեց, որ բանակի հոգևոր սպասավորները պարբերաբար հնարավորություն են ունենում ծանոթանալու այլ երկրներում նույնանման կառույցների փորձառությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իտալիայի Պաշտպանության նախարարը խոսեցին նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին:

No comments: