Wednesday, October 17, 2012

Թուրքիան ամրոցներ է կառուցում Իրանի հետ սահմանին

1in.am. 17-10-2012- Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան անվտանգության ապահովման մեծացման համար 2010 թվականից սկսած՝ Իրանի հետ սահմանին (Վանի նահանգ) կառուցում է 43 ամրոց-պահակակետ, որոնք ավելի մոտ կգտնվեն սահմանին և կվերահսկեն թուրք-իրանական սահմանի 285 կիլոմետրանոց հատվածը: Ներկայիս դրությամբ արդեն իսկ ավարտված է այդպիսի 27 ամրոցի կառուցումը: Ակնկալվում է, որ տարեվերջին դրանց թիվը կհասցվի 32-ի, իսկ ևս 5-ի կառուցումը կավարտվի 2013 թվականի ավարտին: Այդ ամրոցներն ունենալու են տարհանման թունելներ և դիտաշտարակներ: Վանի նահանգի Բաշքալե շրջանում կառուցված ամրոցը գտնվում է Իրանի սահմանից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության և ծովի մակարդակից 2900 մետր բարձրության վրա: Ամրոցների կառուցումը միտված է քուրդ զինյալների հարձակումների նվազեցմանն ու սահմանային մաքսանենգության կրճատմանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական մամուլը սկսել է բավական հաճախ գրել այն մասին, որ Իրանը, սիրիական զարգացումների հետ կապված, սկսել է օժանդակել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի զինյալները հաճախ Հյուսիսային Իրաքից տեղափոխվում են Իրանում ունեցած իրենց բազա և այդտեղից հարձակվում Թուրքիայի վրա:

No comments: