Wednesday, October 31, 2012

Մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում. Միլան Շտեխ

«Թերթ.am», 31.10.12: Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը խիստ քննադատել է Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: «Հունգարիայի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքին։ Մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում», - ասել է Շտեխը: Նշենք, որ եռօրյա պաշտոնական այցով Պրահայում է գտնվում Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ արտաքին և Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) և ՀՀԿ–ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չեխիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը դատապարտող հատուկ բանաձև է ընդունել, որում ընդգծվում է, որ Ադրբեջանի նախագահի որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը։ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել է, որ Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում: Ազգային ժողովի նախագահը այս այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարությանը, որպեսզի Երեւանում գործող հյուպատոսությանը հնարավորություն տրվի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:

No comments: