Tuesday, October 16, 2012

Տեր-Պետրոսյանը պատվով դուրս կգա խաղից

«1-in.am», 16.10.2012: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ՀԱԿ-ի համար առանցքային հարց են, քանի որ ընտրական գործընթացը Հայաստանում նմանվում է շուլլերի հետ պոկեր խաղալուն։ Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ։ Եթե Կոնգրեսը հայտարարում է այս հարցի առանցքային լինելու մասին և ընտրությունները հակառակ պարագայում նմանեցնում է շուլլերի հետ պոկեր խաղալու, ինչպես Զուրաբյանն է հայտարարել, ապա սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն մերժի օրենսդրական փոփոխությունների առաջարկը, ապա Կոնգրեսը նախագահական ընտրություններին չի մասնակցելու։ Այլապես տարօրինակ կլինի, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններ չլինեն, իսկ դրանք առանցքային համարող ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին։ Սա կնշանակի, որ ՀԱԿ-ն էլ մի շուլլեր է, եթե մինչև հիմա իսկ չի դարձել այսպիսին, որը մեկ այլ շուլլերի` իշխանության հետ նստում է պոկերի։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ նախաձեռնությունը մերժվելու դեպքում ՀԱԿ-ը կհայտարարի ընտրություններին չմասնակցելու մասին։ Ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը իր նախաձեռնությունը սրում է հենց այն նկատառումով, որ ՀՀԿ-ն մերժելու է փոփոխությունները, որից հետո ՀԱԿ-ի համար հիմք կլինի հայտարարելու, որ այս դեպքում անիմաստ է ընտրություններին մասնակցելը։ Ընտրություններին մասնակցելն իհարկե անիմաստ է, թեև առավել իմաստալից չէր նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, որին, սակայն, ՀԱԿ-ը մասնակցեց՝ ԲՀԿ-ի հետ ուս ուսի տված։ Եվ խնդիրը ներկայումս էլ երևի թե ընտրություններում ԲՀԿ-ի հետ ուս ուսի լինելն է, իսկ սրա համար պետք է, որ ՀԱԿ-ը չառաջադրվի։ Սա մի կողմից թույլ կտա գեղեցիկ ձևով կամ լուռ սատարել կամ առնվազն չխանգարել ԲՀԿ-ի թեկնածուին, կամ էլ ուղղակի սատարել` որևէ ձևակերպումով, և մյուս կողմից էլ սա թույլ կտա Լևոն Տեր-Պետրոսյանին որոշակի պատվով դուրս գալ խաղից։ Ըստ երևույթին, ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնության ամբողջ նպատակը հենց սա է, ոչ թե ընտրական օրենսդրության բարեփոխումը։ Այսինքն՝ նպատակը ԲՀԿ-ի ճանապարհից դուրս գալն է, ինչի համար Կոնգրեսը, ըստ ամենայնի, արդեն իսկ սկսել է քարոզչական-նախապատրաստական աշխատանքները։ Բանալին, իհարկե, ՀՀԿ-ի ձեռքում է, որովհետև ՀՀԿ-ն կարող է վերցնել ու ընդունել Կոնգրեսի առաջարկները։ Վերջիվերջո, ընտրական օրենսգիրքը ՀՀԿ-ի համար երբեք խոչընդոտ չի եղել վերարտադրության օպերացիայի հարցում։

No comments: