Tuesday, October 23, 2012

Քաղաքագիտական վերլուծություն. Մի խաբեության տեխնոլոգիա

Ավելի հեշտ է հայրենասիրության իմիտացիան, քան օրգազմի: Կոզմա Բրուտյան, 21-րդ դար ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության, Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումների կամ երեք նախագահների մոգական եռանկյունու մասին խոսելը արդեն mauvais tone է դառնում: Քաղաքական այս տուն-տունիկը մի քիչ ավել ձգվեց, քան անհրաժեշտ էր, որպեսզի այն հավաստի երևա: Դեռևս խորհրդարանական ընտրարշավից առաջ խնդիր էր դրվել ԲՀԿ-ին ներկայացնել ընդդիմադիր: Հընթացս լուծվեց նաև ԲՀԿ-ի հովանու տակ ՀԱԿ-ի և Դաշնակցության ընդգրկումը` այսպիսով սրանց ևս ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ով ներկայացնելու կամ որ նույնն է` ընդդիմադիր դաշտից վերացնելու խնդիրը: Արդյոք օբյեկտիվ հակասություններ չկա՞ն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, որ փորձում ենք պնդել, թե «Բարգավաճը» իմիտացիոն ընդդիմություն է. իհարկե կան: Համաձայն Հայաստանի քաղաքական ավանդության` այս հակասությունները պետք է վերաբերվեն սեփականության, բիզնեսների, տնտեսական ազդեցության կամ նման ոլորտների: Հայաստանի զարգացման հեռանկարի, ժողովրդավարական ազատությունների, Արցախի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և այլ գլոբալ խնդիրների մասին երբևէ քաղաքական էլիտան, կամ գոնե` այս երկու ուժերը միշտ հանդես են եկել ձեռք ձեռքի տված, բավարարվելով ոչինչ չնշանակող պոպուլիստական ասույթներով: Այսինքն` այն, ինչը մարդկությունը կոչում է քաղաքականություն` իշխանության համար պայքար, Հայաստանում վերասահմանվում է որպես սեփականության վերաբաշխման իրավունք: Հիմա, այս հիմնական բնագավառում էական տեղաշարժեր տեղի չեն ունեցել: Քոչարյանը շարունակում է տիրապետել անօրինական ճանապարհով ձեռք բերված հսկայական հարստության, Ծառուկյանը շարունակում է իր հսկայական ունեցվածքից նվազագույն հարկեր մուծել, նույնիսկ վերջերս ինչ-որ բան սեփականաշնորհվեց Քոչարյանի մյուս alter ego-ն համարվող Էդուարդո Էռնեկյանին: Միակ շեղումը այս ընդհանուր կանոնից ԲՀԿ-ի ձեռքից 3 նախարարությունների նկատմամբ վերահսկողությունը մի քանի ամսով առկախելն էր` պայմանով սակայն, որ նախագահական ընտրություններից հետո պետական կերակրատաշտի մոտ նրանց կհատկացվեն ավելի յուղոտ պատառներ: Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը համարենք հանրապետականների կադրային ռեսուրսի նվազության արդյունք: Ինչ վերաբերում է ԲՀԿ նկատմամբ քաղաքական հետապնդումներին` ի դեմս Վարդան Օսկանյանի քրեական գործի, ապա այն հրաշալի բեմադրված բուֆֆոնադա է` ԱԺ բազմօրյա քննարկումներով, դեպի դատախազություն երթով, դեսպանների հանդիպումներով ու հայտարարություններով: Ի վերջո, Օսկանյանն այնքան ինքնամոռաց մտավ դերի մեջ, որ սկսեց հանրապետականներին մեղադրել Մարտի 1-ի համար` մոռանալով, որ ինքն էր Մարտի 1-ի հիմնական փաստաբանը, իսկ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ ամենաշատ զինվորական համազգեստներն էին ստացել այդ գիշեր` որպես պատժիչ ջոկատներ աշխատելու համար: Արժե՞ արդյոք կրկին հարց բարձրացնել` Գագիկ Ծառուկյանը կսատարի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Միայն հանրությանը քաղաքական ներկայացման ինտրիգ է մնում այն հարցը, թե երբ կհայտարարվի այդ մասին` այն առումով, որ «իսկական» ընդդիմադիրները չհասցնեն մոբիլիզացվել «ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը» լոզունգի տակ: Սա նույնպես տուն-տունիկ է: Իհարկե, քաղաքագիտական վերլուծություններին քաջահմուտ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե այս մասին, քանի որ արարներից մեկում գլխավոր դերն ինքն էր խաղում: Կասկածել, թե քաղաքական մանիպուլյացիաներում թրծված դաշնակներն անտեղյակ են, նույնպես միամտություն է` դատելով թեկուզ այն էպիզոդներից, որտեղ իրենք ռեպլիկներ ունեն: «Ընդդիմադիրների» այս կոլաբորացիոնիզմը այլ կերպ, քան միասնական դավադրություն Հայաստանի ժողովրդի դեմ, անվանել չի կարելի: Քաղաքական դաշտի համատարած ամայացումը, իհարկե, չի կարելի համարել Սերժ Սարգսյանի ռեժիմի հզորացման երաշխիք: Այն պարզապես նշանակում է, որ իշխանությունը կփոխվի պատահական զարգացումների միջոցով, ինչպես եղավ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից, կամ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո: Քաղաքական այս ուժերը եկող անկառավարելի քաոսին չեն կարողանա տիրապետել և կերդվեն, թե իրենք ոչ մի մեղք չունեին: Բայց արդյո՞ք այս ամենը հենց նրանց` պատասխանատվությունից փախուստի մասին չի խոսում: Հ.Գ. Մոռացանք նշել Ր.Հովհաննիսյան-Խ.Քոքոբելյան զույգի, կամ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բայց էլ արժի՞:

No comments: