Monday, October 29, 2012

Իրանցի պատգամավոր. Ահմադինեժադին հարցաքննության ենթարկելը երկրում անկայություն կառաջացնի

Panorama.am. 29-10-2012- Մեջլիսի կողմից Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննության ենթարկելը կարող է
երկրում անկայունություն առաջացնել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Հասան Քամրանը: Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Մեջլիսի մի խումբ պատգամավորների կողմից նախագահ Մահմուդ Ահմադինեժադին տնտեսական հարցերի շուրջ հարցաքննելու առնչությամբ ստորագրահավաքի կազմակերպման փաստին, նշել է. «Ես դեմ եմ նախագահին հարցաքննության ենթարկելու նախագծին, քանի որ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Մաշհադ կատարած այցի ընթացքում հորդորեց երկրում կայունություն ապահովել, ուստի նախագահին հարցաքննության ենթարկելը կարող է խաթարել երկրի կայունությունը»: Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, արձագանքելով իրեն հարցաքննության ենթարկելու՝ պատգամավորների նախաձեռնությանը, նշել է, որ հարցաքննությունը լավ առիթ է Մեջլիսում այնպիսի հայտարարություններ հնչեցնելու, որոնք մինչ օրս չեն հնչել: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 10-ին ԻԻՀ Մեջլիսի 102 պատգամավորների ստորագրությամբ Մեջլիսի նախագահությանն էր հանձնվել մի նախագիծ, որի հաստատվելու պարագայում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետք է հրավիրվի Մեջլիս՝ պարզաբանումներ տալու վերջին շրջանում արձանագրված տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման և շուկայի անկայուն իրավիճակի առնչությամբ: Անցյալ շաբաթ 40 պատգամավորներ հետ վերցրեցին իրենց ստորագրությունը, սակայն նախագահին հարցաքննության ենթարկելու մասին նախագծի հեղինակներից մեկը՝ Ալի Մոթահարին, այսօր տեղեկացրել է, որ 80 պատգամավորների ստորագրությամբ նախագիծն այսօր կրկին ներկայացվել է Մեջլիսի նախագահություն:

No comments: