Tuesday, October 9, 2012

Բիձինան առաջինը Հայաստան կգա՞

«Լրագիր» 8-10-2012- Երբ 2004 թվականին Վրաստանում իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվիլին, նա իր առաջին արտերկրյա այցերից մեկը, եւ կարծես թե հենց առաջինը, կատարեց Հայաստան: Նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սահակաշվիլին Հայաստանում մնաց երկու օր, սակայն այդ երկու օրը նրա համար թերեւս բավական տպավորիչ եւ ուսանելի էին: Հայաստանն այդ ժամանակահատվածում գրեթե ամեն ինչով հետ էր թողել Վրաստանին, չունենալով Վրաստանի աշխարհագրական պայմանները, լինելով շրջափակման մեջ: Սահակաշվիլիի հայաստանյան այցն արտահայտվում էր նրա աչքերի փայլի մեջ, որ նկատելի էր նրա երեւանյան հարցազրույցներում: Ակնհայտ է, որ նա իր նախագահության, իր իշխանության իրացման գործում զգալի “կրթություն” ստացավ այդ այցի ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանը նրա համար եղավ կամա թե ակամա կարեւոր “ուսուցիչներից” մեկը: Սահակաշվիլին Քոչարյանից սովորեց իշխանություն պահել եւ իրացնել այն: Այլ խնդիր է, թե ով ինչի համար էր իրացնում այդ իշխանությունը, ինչ արժեքներով, ինչ նպատակով, ինչ ձեւով: Բայց, սկզբունքի առումով, Սահակաշվիլին Վրաստանում կառուցել էր Քոչարյանի իշխանությանը շատ մոտ իշխանություն՝ հարկ եղած դեպքում անգամ բռնությամբ ցրելով ընդդիմությանը: Պարզապես, եթե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանությունն իրացնում էր անձնական, կլանային, նեղ համակարգային նպատակներով, ձեւավորելով եւ ինստիտուցիոնալացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, Միխայիլ Սահակաշվիլին իր իշխանությունն իրացնում էր ավելի բաց համակարգ կառուցելով, հանրության մոտ նոր մտածողություն ներդնելով: Դատելով խորհրդարանի ընտրության արդյունքից, նրա մոտ այդ բանը չստացվեց այնպես, ինչքան պետք էր վերարտադրվելու համար: Միգուցե Քոչարյանը գիտեր, որ Հայաստանում էլ չի ստացվի եւ դրա համար էլ իր իշխանությունը նոր հասարակության ձեւավորման համար, որակապես այլ երկիր ստանալու համար իրացնելու փոխարեն, իրացնում էր քրեաօլիգարխիկ պատվանդանի ամրացման ճանապարհով «հավերժանալու» համար: Միգուցե նաեւ խնդիրը նրանց մարդկային տեսակի տարբերությունն էր: Համենայն դեպս, Սահակաշվիլին կարծես թե եղավ այն աշակերտը, ով խոշոր հաշվով գերազանցում է իր ուսուցչին. Վրաստանը Հայաստանից զգալի առաջ է անցել նրա բարեփոխումների շնորհիվ, իսկ քաղաքական կարիերայի եւ ազդեցիկության իմաստով էլ Սահակաշվիլին ներկայում ավելի լավ հեռանկար ունի, քան Ռոբերտ Քոչարյանը: Դե իսկ պատմության մեջ մնալու առումով, Վրաստանի նախագահը Քոչարյանից առաջ է մի քանի կիլոմետր: Բայց, որ Սահակաշվիլիի երեւանյան առաջին այցը ազդեցիկ էր թե նրա նախագահության վրա հետք թողնելու, թե նաեւ հայ-վրացական հարաբերության որոշակի գործնական մակարդակի ապահովման տեսանկյունից, երեւի թե աներկբա է: Ներկայում Վրաստանում նոր իշխանություն է ձեւավորվում, որի «հեղինակը» միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է: Ե՞րբ կգա նա Հայաստան: Արդյոք նա էլ առաջինը կայցելի Հայաստան: Ունի՞ արդյոք նա սովորելու բան Սերժ Սարգսյանից: Կամ, ումի՞ց սովորելու բան ունի նա Հայաստանում: Այն, որ Իվանիշվիլիին իշխանություն սովորել պետք է, ակնհայտ դարձրեց նրա հարցազրույցը Նովոե Վրեմյա ռուսաստանյան պարբերականին, որտեղ նա ասել էր հայերի Վրաստանում ապրելու մասին հայտնի խոսքը: Իհարկե, հետո Իվանիշվիլու խորհրդականները շատ արագ հասկացան կարեւոր սխալն ու փորձեցին ուղղել այն, պատասխանատվությունը դնելով թերթի վրա, ինչպես արվում է սովորաբար այդպիսի դեպքերում, բայց, ինչպես ասում են՝ «նստվածքը մնաց»: Իվանիշվիլին առաջին լուրջ վրիպումը թույլ տվեց, ու այն էլ հայերի մասով: Հետեւաբար, ակնհայտ է, որ առնվազն հայ-վրացական հարաբերության տեսանկյունից նա սովորելու բան ունի: Խնդիրն այն է, թե այդ առումով ինչ կարող են սովորեցնել նրան Հայաստանում: Հայաստանում նա իշխանություն հազիվ թե սովորի, որովհետեւ այստեղ ըստ էության անիշխանություն է: Որեւէ ուսանելի բան այստեղ չկա նաեւ հայ-վրացական առումով, որովհետեւ խոշոր հաշվով դա սովորելու կարիք ունի նույնիսկ պաշտոնական Երեւանը, որի արտաքին քաղաքական ուղեգծում պարզապես իսպառ բացակայում է վրացական, մասնավորապես վիրահայության եւ ջավախքահայության գիծը: Դա ակնհայտորեն բացակայում է նույնիսկ քաղաքական ծրագրավորման այսպես ասած կուլիսային մակարդակում: Դրա վառ վկայությունն է այն, որ Վրաստանի հայկական համայնքը փաստացի ամենաանկազմակերպ համայնքներից է՝ չնայած իր տեսակարար կշռի մեծությանը: Ռազմավարական իմաստով, Իվանիշվիլիին անհրաժեշտ է առաջին այցը կատարել Հայաստան: Սա գուցե տարօրինակ թվա, բայց, եթե այդ մարդն ամբողջությամբ պատկերացնում է Վրաստանի պետական շահը ոչ թե կոմերցիոն, այլ ազգային-էտատիստական՝ պետականամետ տեսանկյունից, ապա կպատկերացնի նաեւ, որ տարածաշրջանում Վրաստանի համար ամենանվազ վտանգավոր եւ ամենաերկարաժամկետ դաշնակիցը կարող է լինել Հայաստանը, եթե այդ երկիրը գիտակցի դա ու Հայաստանի հետ իր հարաբերությունը փորձի կառուցել այդ տրամաբանության մեջ: Եթե ոչ, ապա Հայաստանը կարող է դառնալ վրացական պետականության ամենալուրջ եւ անգամ ամենաանհաղթահարելի խնդիրը, եթե անգամ Թբիլիսիի դաշնակիցը լինեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ Ռուսաստանն էլ վրադիր, եւ եթե անգամ Հայաստանի իշխանությունը շարունակի հայ-վրացական ստրատեգիական գծի ուղղությամբ ապրել առանց քաղաքական լուրջ ծրագրավորման՝ գլխավորապես տեղային նացիոնալիզմի էմոցիոնալ բաբախումով: Իվանիշվիլիին արժե առաջինը այցելել Հայաստան: Եվ թերեւս լավ կլինի, որ նա Հայաստան գա ոչ թե «սովորելու», այլ «սովորած»: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: