Thursday, October 18, 2012

Պատրաստ ենք անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ. Սերժ Սարգսյան Աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին եւ հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում: «Հարգելի՛ պարոն Մարտենս, Հարգելի՛ գործընկերներ, Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք: Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, պատիվ ունեմ առաջին անգամ պաշտոնապես դիմելու ԵԺԿ համաժողովին: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին եւ հատկապես նախագահ Մարտենսին՝ մեր անդամակցության գործում ցուցաբերած աջակցության համար: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Բասեսկուին՝ այս տարեկան հավաքը հյուրընկալելու եւ հրաշալի կազմակերպելու համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Եվրոպական միության ղեկավարությանը եւ անդամ պետությունների քաղաքացիներին՝ Նոբելյան խաղաղության մրցանակին արժանանալու առիթով: Մրցանակի շնորհումը գնահատանքն է այն ավանդի, որ Եվրոպական միությունը ստանձնել է խաղաղության ամրապնդման եւ զարգացման գործում: Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով եւ իղձերով: Հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դարձել է եվրոպական ինքնության վերարժեւորման կարեւորագույն օղակներից մեկը: Հետեւաբար, մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ: Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է, ինչպես նաեւ բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: Ուրախ եմ ընդգծելու, որ հատկապես Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ որակական եւ բովանդակային լուրջ առաջընթաց արձանագրելով համագործակցության բոլոր բնագավառներում: Հայաստանն այսօր Արեւելյան գործընկերության առաջատարներից է եւ՛ Ասոցացման բանակցությունների, եւ՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով: Մենք ողջունում ենք այս գագաթնաժողովի հռչակագիրը Միասնական շուկայի վերաբերյալ: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ապագայում Հայաստանին նույնպես թույլ կտա օգտվելու Միասնական շուկայի հնարավորություններից: Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար: Հուսով ենք, որ ներկաները եւ Ձեր երկրների այլ հազարավոր քաղաքացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից: Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության: Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար: Հարգելի՛ կոլեգաներ, Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացություններն ու առաջարկությունները: Ավելորդ եմ համարում նշել, որ այս անգամ եւս ակնկալում ենք միջազգային դիտորդների ակտիվ մասնակցություն: Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է եւ անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Հարգելի՛ գործընկերներ, Ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն սպառնալիք է ինչպես Եվրոպական միության երկրների, այնպես էլ գործընկեր պետությունների համար: Նման մասշտաբի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայնակ: ԵԺԿ այս տարվա գագաթնաժողովի խորագիրը չափազանց արդիական է. այս մարտահրավերի պատասխանն է՝ «Ավելի շատ Եվրոպան», պատասխանն է` ավելի համախմբված Եվրոպան եւ ավելի ամուր հանձնառությունը եվրոպական գաղափարներին ու համերաշխությանը: Միայն նման Եվրոպան կկարողանա հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նոր հնարավորություններ բացել մեր հասարակությունների բարեկեցության համար: Շնորհակալություն ուշադրության համար:

No comments: