Thursday, October 18, 2012

ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ. Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննելով խնդիրները չեն լուծվի

Panorama.am. 17-10-2012- Մահմուդ Ահմադինեժադին հարցաքննելով խնդիրները չեն լուծվի: Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Իրանի Մեջլիսի «Պահպանողականների խմբակցության» ղեկավարը, անդրադառնալով նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Մեջլիս հրավիրելու և հարցաքննելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Պահպանողականների խմբակցությունը որոշել է նախագահին հարցաքննելու մասին նախագծից հետ վերցնել իր ստորագրությունը, քանի որ, ինչպես նախորդ հարցաքննության անհաջող փորձն է վկայում, այս անգամ ևս հարցաքննությունը չի լուծի խնդիրները»: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 10-ին ԻԻՀ Մեջլիսի 102 պատգամավորների ստորագրությամբ Մեջլիսի նախագահությանն էր հանձնվել մի նախագիծ, որի հաստատվելու պարագայում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետք է հրավիրվի Մեջլիս՝ պարզաբանումներ տալու վերջին օրերին արձանագրված տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման և շուկայի անկայուն իրավիճակի առնչությամբ: Իսկ արդեն հոկտեմբերի 15-ին Իրանի Մեջլիսը նախագահից պարզաբանումներ պահանջելու մասին նախագիծն արդեն հանձնեց կառավարությանը: Նշենք նաև, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ավազ Հեյդարփուրը օրերս իրանական «ասրիրան.քոմ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով երկրում ստեղծված տնտեսական անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել էր. «Պահպանողականներն անհանգստացած են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակով: Մենք չենք կարող աչք փակել ներկայիս իրավիճակի նկատմամբ: Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված չենք լինի սպասել մինչև հունիս, և եթե անհրաժեշտ լինի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անվստահություն կհայտնենք»: Հավելենք, նաև, որ ըստ իրանական մամուլի՝ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը 2013թ. Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից է համարվում:

No comments: