Tuesday, October 30, 2012

Հայաստանն ու ԱՄՆ կգործակցեն ռազմական արդյունաբերության ոլորտում

«Լրագիր» 29-10-2012- Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կգործակցեն ռազմական արդյունաբերության ոլորտում: Այդ մասին համաձայնության մասին հայտարարել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը: Ի դեպ, Մաբուսը Հայաստան է այցելել ոչ թե տարածաշրջանային այցով, այլ եկել է միայն Հայաստան. Ընդ որում, նա մատնանշելով ԱՄՆ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, ասել է, որ Հայաստանն ԱՄՆ համար շատ կարեւոր է համարում Հայաստանի հետ ռազմական գործակցությունը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ԱՄՆ հետ ռազմական գործակցությունը` ռազմարդյունաբերության ոլորտում, նոր ուղղություն է Հայաստանի համար եւ մենք կարող ենք փորձի փոխանակում կատարել: «Լինելով ետխորհրդային պետություն` մենք հիմնականում մեր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կազմում ունենք Խորհրդային Միության միավորները, այնուամենայնիվ, տարբեր առաջատար չափանիշների ներդրման ուղղությամբ մենք կարող ենք փորձի փոխանակում իրականացնել` հատկապես հատուկ նշանակության միջոցների օգտագործման ուղղությամբ», ասել է Սեյրան Օհանյանը: Խոսքը հրաձգային զենքերի եւ տարբեր օպտիկական միջոցների մասին է: «ԱՄՆ ռազմածովային ուժերը եւ ծովային հետեւակի կորպուսը աշխատել են [Հայաստանի պաշտպանության] նախարարության հետ` ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ, ինչպես նաեւ վերջին երկու տարիներին վարժանքների իրականացման ուղղությամբ: Պատրաստվում ենք այս ուղղություններով աշխատանքները շարունակել առաջիկայում», հայտարարել է Ռեյ Մաբուսը: Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

No comments: