Tuesday, October 30, 2012

Դաշնակցությունը կորցրել է ընդդիմության որակները. մամուլ

1in.am. 30-10-2012- Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ` Դաշնակցությունը կայուն անկման փուլում է. «Ոչ մեկն այսօր չի քննարկամ, թե Դաշնակցությունը կարող է իշխանության գալ կամ կարող է մասնակցել իշխանության բաշխմանը ինչ-որ ձևաչափով: Հիմնականում գլխավոր ընդդիմադիր ձևաչափերը, եթե բաց են թողնում իրենց իշխանություն վերցնելու առիթը, դրանից հետո կայուն անկման փուլ են ապրում, ինչո՞ւ չպետք է նույն բանը Դաշնակցությանը պատահեր: Դաշնակցությունն այս առումով լուրջ խնդիրներ ունի: Քաղաքական դաշտի ազգային բևեռը, որն այս պահին Դաշնակցության մենաշնորհն է, չի կարողանում այն ճիշտ կազմակերպել, արդյունք ցույց տալ»: Ըստ «Առավոտ»-ի` Աղայանը պատճառները բացատրում է` երկար տարիներ իշխանության մեջ գտնվելով ընդդիմության անհրաժեշտ որակները կորցնելով. «Կամ գուցե արևմտամետության մեջ է, այսինքն` նրանք որոշակի իմիջին պետք է համապատասխանեն, եվրոպական կողմնորոշմամբ հանդես գան, իսկ սա թուլացնում է Դաշնակցության գաղափարական այլընտրանքը: Դաշնակցությունը դառնում է մնացած կուսակցությունների գաղափարախոսություններին շատ նման մի այլ գաղափարախոսության կրող, որն ընդամենը մեկ կամ երկու կետով է տարբերվում: Իսկ այդպիսի ընդդիմությունը արդյունավետ չի կարող լինել, հիմնական ընդդիմությունը պետք է հակադրվի գործող գաղափարախոսության ռազմավարության հիմնական կետերին: Դաշնակցությունն այդ հիմնական կետերին այլընտրանք չի կարողանում ձևավորել»:

No comments: