Saturday, October 13, 2012

"Ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը"

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի

Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին

Report.am. 12-10-2012- Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան եւ նշեց, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով և, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ եկկողմ հարաբերությունները ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Նրա համոզմամբ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը, այդ թվում փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելեու հրավերի համար եւ կարեւորեց նման հանդիպումները միջպետական եւ միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով: Տիկին Ձամպան բարձր գնահատեց հայ ժողովրդի ներդրումը եվրոպական եւ մասնավորապես իտալական մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Նրա խոսքով հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի եւ տնտեսության մեջ: "Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում եւ պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը¦,-նշեց իտալացի պատգամավորը: Սանդրա Ձամպան տեղեկացրեց, որ Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հանդիպմանը անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանան միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը եւ իր այս քայլով Ադրբեջանը հեթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտանգությունը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին անգամ ի ցույց դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը: §Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին",-շեշտեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող և խիստ միակողմանի բնույթ կրող բանաձևը: Ինչին ի պատասխան տիկին Ձամպան նշեց, որ ադրբեջանամետ բանաձեւը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եւ չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում: Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

No comments: